Ութամյա Մարին Թբիլիսիից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

11:59 • 28.09.12

Ութամյա Մարի Մովսիսյանը ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ երեկ Թբիլիսիից տեղափոխվել է Երևան։ Ուշ երեկոյան աղջնակն արդեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում էր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Վրաստանի տարածքում արձանագրված ավտովթարի հետևանքով ՀՀ քաղաքացի, ութամյա Մարի Մովսիսյանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել էր Թբիլիսիի «Իաշվիլու անվան» մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

 

Երկու անգամ վիրահատվելուց և բուժում ստանալուց հետո ընդհանուր վիճակի որոշակի բարելավումը հնարավորություն է տվել մասնագիտացված մանկական վերակենդանացման ծառայության միջոցով աղջկան տեղափոխել Երևան։

 

ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Կոնստանտին Քրմոյանը նշել է, որ թեև երեխայի կենսական ֆունկցիաները` շնչառություն, սրտի աշխատանք, հեմոդինամիկա, կայուն են, սակայն վիճակը մնում է ծանր, դեռևս գտնվում է կոմայի մեջ։

 

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում երեխային զննել են վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը, նյարդավիրաբույժ Մարգար Մարտիրոսյանը, այլ մասնագետներ։ Կատարվել է նաև համակարգչային տոմոգրաֆիա։ Այլ հետազոտությունների արդյունքներով կպարզաբանվի հետագա բուժման տակտիկան։

 

Մինչ այդ երեխան կստանա ուղեղի աշխատանքը խթանող և վերականգնողական, ինչպես նաև հակաբորբոքային բուժում, քանի որ օրեր առաջ մենինգիտ է տարել։