Մարզերում ակնաբուժության ոլորտը բարվոք վիճակում չէ. բժիշկ Մալայան

17:26 • 29.09.12

Հայաստանում ակնաբուժության ոլորտում առաջադիմությունը ակնառու է և այն չի լինի համեմատել մոտ 30 տարի առաջ ոլորտում առկա վիճակի հետ: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան: Նա միաժամանակ ընդգծեց, որ զարգացումը հիմնականում նկատելի է մայրաքաղաքում գործող ակնաբուժական կենտրոններում, մարզերում վիճակը բարվոք չէ:


«Ցավոք այդ ճեղքվածքը ինչքան գնում, ավելի է մեծանում: Պետք է բոլորս ուժեր ներդնենք, որ այդ ճեղքվածքը որքան հնարավոր է վերանա: Թե չէ այդպես կխորանա և վիճակը կծանրանա: Այս պրոցեսը կարելի է ասել, որ սկսել էր դեռևս 80 տարի առաջ: Տարբեր միջոցներով պետությունը փորձում էր դրա դեմ պայքարել: Բայց դրա առաջին պատճառը գյուղերի ու քաղաքների սոցիալական վիճակի տարբերությունն է»,- ասաց նա:


Բժիշկ Մալայանը նշեց, որ մարզերում թե՛ կենցաղային, թե՛ մասնագիտական առումով վիճակը բարվոք չէ: Նա վստահություն հայտնեց, որ առանց կառավարության միջամտության հարցը հնարավոր չէ լուծել:


«Մենք ունենք անելիքներ մասնագետների պատրաստման հարցում: Սակայն որպեսզի նա կարողանա տեղափոխվել որևէ մարզ, պետք է կարողանա այնտեղ ընտանիք ստեղծել ու պահել, լուծել ֆինանսական խնդիրները»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք Հայաստանում աչքի խնդիրներ ունեցողների թիվը մեծացել է, բժիշկը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ դրա համար անհրաժեշտ է լայնածավալ հետազոտություններ անցկացնել: «Եթե նայենք այն տեսանկյունից, թե օրական մեզ ինչքան մարդ է դիմում, կարելի է ասել, որ շատանում են: Եթե վերցնենք 90-ական թվականների վերջի և այսօրվա հաճախելիությունը, բնականաբար անհամեմատ նրանց թիվը մեծացել է: Խնդիրն այն է, որ մարդիկ այսօր ավելի հետևողական են դարձել»,-ասաց նա: