Կամ մենք պետք է ազատվենք նախագահից, կամ նախագահը՝ կառավարությունից. Բագրատյան

12:33 • 29.09.12

ՀՀ նախագահին, երևի, ձեռք է տալիս նման վարչապետ ունենալ, որ ամեն տեսնելուց ձեռք առնի ու հանգստանա: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ ներկայիս կառավարության հետ անելիքներ չկան:


«Կամ մենք պետք է ազատվենք նախագահից, կամ նախագահը՝ կառավարությունից: Կառավարությունը այլ թվեր է ներկայացնում իշխանությանը, իսկ մեզ հետ դեբատների ժամանակ՝ այլ»,- ասաց նա:

 

Հրանտ Բագրատյանը անդրադարձավ նաև իր կողմից կառավարությանն առաջարկած այն նախագծին, որով ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը պետք է դարձվեր 70 հազ. դրամ: Հիշեցնենք, որ կառավարությունը իր վերջին նիստին որոշում ընդունեց ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 32.200 դրամից բարձրացնել և դարձնել 35 հազ. դրամ:


«Ասում ենք՝ ինչի՞ համաձայն չեք 70 հազարին։ Ասում ենք՝ նվազագույնը բարձրացրեք, ստվերայինը պակասեցրեք: Ինձ պատասխանում են՝ ստվերը կերկարի, եթե նվազագույնը մոտեցնենք միջինին, գործատուները ընդհանրապես չեն գրանցի: Մակրոէկոնոմիկայի միջին գիտելիքներ չունեն: Ախր աշխատավարձերը բարձրացնելիս կարելի է ավել շատ օգուտ ունենալ»,- ասաց նա:

 

Անդրադառնալով 2011թ-ի բյուջեին՝ նա նշեց, որ այն թերակատարվել է շուրջ 7%-ով: Ու թեև պաշտոնապես կառավարությունը սղաճը 4.7 % է ցույց տալիս, բայց ըստ Բագրատյանի, այն իրականում կազմում է 7.7%:

 

«2011թ.-ի բյուջեն հիմք է մյուս տարվա բյուջեի: 2011-ի բյուջեն ընդհանրապես չի ավելացել իրականում՝ հաշվի առնելով սղաճը: Նշանակում է նույն վիճակը կպահպանվի նաև հաջորդ տարի: Բայց կառավարությունը մեր հարցերին նորմալ չի պատասխանում, լքում է դահլիճը»,-ասաց նա:

 

Բագրատյանի կարծիքով, ի վերջո բյուջեն կընդունվի 2 մլրդ 400 մլն ԱՄՆ դոլարի չափով, մինչդեռ, օրինակ, հարևան Վրաստանի բյուջեն 6 մլրդ է»,-ասաց նա:

 

Բագրատյանը անդրադարձավ նաև Կենտրոնական բանկին և նշեց, որ այն խայտառակ մի հաստատություն է, որտեղ ամեն մեկն անում է այն ինչ ուզում է:


«ԿԲ-ի հաշվետվությունը նայելուց հետո հարցեր ես տալիս մարդկանց, հասկանում ես, որ մասնագետներ չկան: Սրանք ողբերգական փաստեր են: Սրանք, ստացվում է, ինչ-որ մեկի գլուխը եղում են»,- ասաց նա: