Հայաստանում արշավ է սկսվել Արևմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ի դեմ. Washington Post-ը` Օսկանյանի «Սիվիլիթասի» մասին
Ամերիկյան հեղինակավոր Washington Post պարբերականն անդրադարձել է «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործին և այդ առնչությամբ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազի միջնորդությանը` նշելով որ Արևմուտքից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների դեմ արշավն սկսել է տարածվել Հայաստանում:
Հոդվածագիր Դևիդ Իգնատիուսը գրում է, որ «Սիվիլիթասի» դեմ գործը հարուցվել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն Հանթսմանից նվիրատվություն ընդունելու համար: Իսկ Վարդան Օսկանյանի դեմ հետապնդումն սկսվեց 2012թ. սկզբին, երբ վերջինս միացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և հայտարարեց, որ ինքը չի սատարի նախագահ Սերժ Սարգսյանի և նրա ղեկաված Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ հնարավոր կոալիցիային և դուրս կգա ԲՀԿ-ից, եթե այդպիսի կոալիցիա կազմվի:
Պարբերականը նշում է, որ Սերժ Սարգսյանի վարչախումբը դիտվում է Ռուսաստանի ուժեղ դաշնակից, մինչդեռ Վարդան Օսկանյանը համարվում են ավելի շատ անկախ և պոտենցիալ արևմտամետ ֆիգուր:
Ըստ պարբերականի` Երևանում սկսված այս իրավական պայքարը, գուցե, աննշան է աշխարհի մակարդակով, սակայն այն ցույց է տալիս հետխորհրդային երկրներում հասարակական կազմակերպությունների դեմ բռնաճնշումների միտումը, որը կարևոր է և մտահոգիչ:
««Սիվիլիթասի» դեպքը հետաքրքիր է մասամբ նրանով, որ այն ներառում է Ջոն Հանթսմանի հորը: 1988թ. երկրաշարժից ի վեր Հանթսման ավագը Հայաստանում բարեգործական ակտիվ գործունեությամբ է զբաղվել, և ըստ «Սիվիլիթասի», մոտ 20 մլն դոլարի օգնություն է տրամադրել Հայաստանին»,- գրում է պարբերականը:
Washington Post-ը նաև մանրամասնում է «փողերի լվացման» հետ կապված պատմությունը: Մասնավորապես, երբ Հանթսմենների ընտանիքին պատկանող Huntsman International ընկերությունը 2010թ. որոշեց փակել Հայաստանում գործող Huntsman Building Products մասնաճյուղը, ընկերությունը գրավոր կերպով կարգադրեց, որ ստացված գումարը պետք է տրվի Օսկանյանին` «Սիվիլիթասի» համար ծախսելու նպատակով:
Թերթը նշում է, որ այդ ընկերության վաճառքից ստացվեց 2 մլն դոլար, որից 577 հազարը անմիջապես տրվեց «Սիվիլիթասին», իսկ 1.4 մլն-ը` Օսկանյանին` հետագա ծախսերի համար (Օսկանյանն ասում է, որ 1.4 մլն-ից $548,000–ն արդեն տրվել է «Սիվիլիթասին» և մնացածը նույնպես պետք է այդ նպատակով ծախսվի):
«Օսկանյանի և Հանթսմենի նման ճանաչված և մեծ հարգանք վայելող երկու ֆիգուրներին հետապնդելու որոշումը, սարսափեցնող է, քանի որ այն ցույց է տալիս, թե հետխորհրդային այդ երկրի իշխանությունները որքան հեռուն են պատրաստ գնալ քննարկումը սահմանափակելու հարցում»,- գրում է պարբերականը:










