Խոսրովի արգելոցում ապօրինի որսի հարցով հարուցվել է քրեական գործ
Ըստ Ոստիկանության կայքում առկա տեղեկատվության՝ սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարվել է ապօրինի որս:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի (ապօրինի որս, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով – մեջբերումը Tert.am-ի) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ այսօր հաղորդագրություն էր տարածել «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը, որում նշվում էր, որ երե նախաձեռնության անդամները ոստիկանների ուղեկցությամբ այցելել են Խոսրովի անտառի «Կաքավաբերդ» տեղամաս և հայտնաբերել ապացույցներ, որ այդտեղ ապօրինի որս է կատարվել։










