Նաիրա Զոհրաբյանը լավատես չէ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ ԱԺ-ից ունեցած ակնկալիքներում

13:20 • 29.09.12

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, չցանկանալով ընկնել իրադարձություններից առաջ, բայց թե՛ որպես նախկին լրագրող, թե՛ որպես պատգամավոր լավատես չէ այն հարցում, թե ինչպես կքվեարկի 5-րդ գումարման խորհրդարանը՝ Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումից հետո:


«Նաև սա պայմանավորված է այն էնտուզիազմով, որով այս օրերին մոբիլիզացվում է «Հանրապետական» խմբակցությունը, որոշ անդամների չեն թողնում մեկնել գործուղման, որոշներին արդեն հետ են կանչում»,- Tert.am-ին ասաց Նաիրա Զոհրաբյանն՝ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ ակնկալիքներ ունի ԱԺ-ից՝ հաշվի առնելով պառլամենտի պատմության մեջ այն նախադեպերը, երբ ԱԺ-ն բացառությամբ մեկ դեպքի, խորհրդարանը Գլխավոր դատախազին է «հանձնել» պատգմավորներին:


2008 թվականին «մարտիմեկյան» դեպքերին, հիշեցնենք, խորհրդարանը 85 կողմ, 22 դեմ ձայներով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, 84 կողմ, 20 դեմ՝ Հակոբ Հակոբյանին, 84 կողմ, 22 դեմ՝ Մյասնիկ Մալխասյանին և 86 կողմ, 22 դեմ՝ Սասուն Միքայելյանին:


Նշենք, որ ԲՀԿ-ն այն ժամանակ ուներ 25 պատգամավոր։ Այժմ այս խմբակցությունն ԱԺ-ում ներկայացված է 36 պատգամավորով։

 

Ի պատասխան հարցի, թե այդ ժամանակ ինչպե՞ս քվեարկեց ԲՀԿ խմբակցությունը, Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ անձին վերաբերող քվեարկությունները փակ, գաղտնի են և, հետևաբար, «յուրաքանչյուր պատգամավոր քվեարկել է իր խղճի մտոք»:


Հիշեցնենք, որ երեկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կարծիք էր հայտնել, որ իրենք կա՛մ «դեմ» կքվեարկեն, կա՛մ չեն քվերարկի՝ հաշվի առնելով, որ այս միջնորդագրում որոշակի քաղաքական դրդապատճառներ են տեսնում:

 

Ի պատասխան հարցի, թե «ԲՀԿ-ի հետ առանձնապես լավ հարաբերություններով աչքի չընկնող» «Ժառանգության» լոյալ վերաբերմունքը Նաիրա Զոհրաբյանն ինչո՞վ է պայմանավորում, վերջինս ասաց.«Անկախ հարաբերություններից ու խնդիրներից, որոնք ծագում են խմբակցությունների միջև, այս կամ հարցի հետ կապված, անհնար է այս գործի քաղաքական ենթատեքստը չտեսնել»: