Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է լատինաամերիկյան երկրների արտգործնախարարների հետ (լուսանկարներ)

11:10 • 29.09.12

Նյու-Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին հանդիպումներ է ունեցել Մեքսիկայի, Կուբայի և Գվատեմալայի արտգործնախարարների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։


Երկկողմ հարաբերությունների խթանմանն է նվիրված եղել Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մեքսիկայի արտաքին գործերի քարտուղար Պատրիցիա Էսպինոսայի հետ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են համագործակցությունը զարգացնելու նպատակով առաջիկայում նախատեսվող համատեղ քայլերը՝ իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղությամբ: Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հաջորդ տարի Մեխիկոյում դեսպանատուն հիմնելու Հայաստանի մտադրության մասին:

 

Էդվարդ Նալբանդյանն իր մեքսիկացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

 

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը եղել է Գվատեմալայի ԱԳ նախարար Հարոլդ Կալարերոսի հետ: Զրուցակիցները, արձանագրելով հարաբերությունները զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը, անդրադարձել են ԱԳՆ-ների միջև համագործակցության հաստատմանը, քննարկեցին մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով Հարոլդ Կալարերոսին իր հայաստանյան գործընկերոջը հրավիրել է այցելել Գվատեմալա:

 

Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պառիլյայի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային հարցերի շուրջ: