The Onion երգիծական պարբերականի՝ Ահմադինեժադի մասին հումորային հոդվածը Իրանում լուրջ են ընդունել

20:40 • 29.09.12

Ամերիկյան The Onion երգիծական պարբերականում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ ԱՄՆ սպիտակ բնակչության շրջանում մեծ հեղինակություն վայելելու վերաբերյալ հումորային հոդվածը իրանական պետական ԶԼՄ-ների կողմից որպես իրականություն է ընկալվել և վերջիններս The Onion-ի ներկայացրած «վիճակագրական տվյալները» հեռարձակել են իրենց հաղորդումներում, հաղորդում է BBC-ն:


Հումորով ներկայացված կեղծ վիճակագրական տվյալների համաձայն, որոնք վերատպել է իրանական «Ֆարս» գործակալությունը, գյուղական բնակավայրերում ապրող ամերիկացիների 77%-ը կնախընտրեն «Ահմադինեժադի հետ բեյսբոլ դիտելու գնալը կամ նրա հետ խմելը» Բարաք Օբամային ձայն տալուց ընտրությունների ժամանակ:


The Onion-ը նաև մեջբերում է Արևմտյան Վիրջինիայի մտացածին բնակչի խոսքերը, ով իբրև պնդում է, որ Ահմադինեժադը «լուրջ է վերաբերվում երկրի պաշտպանությանը և թույլ չէր տա երկրի կառավարմանը խառնվել գեյ ցուցարարներին»:


Նշվում է, որ Իրանը միակը չէ, որ լուրջ է վերաբերվել The Onion-ի «լուրերին», նախկինում որպես հավաստի աղբյուր այդ պարբերականի լուրերն են տարածել Բանգլադեշի պարբերականները և Չինաստանի պետական ԶԼՄ-ները: