Աղցանները երբեմն ավելի վտանգավոր են, քան ֆասթ-ֆուդերը
Աղցանները երբեմն ավելի վտանգավոր են, քան մսամթերքը՝ այդ թվում նաև ֆասթ-ֆուդը: Նման եզրակացության են հանգել բրիտանացի մասնագետները, ովքեր հետազոտությունների արդյունքում այս մթերքում հայտնաբերել են հիվանդածին բակտերիաներ, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Առողջության պաշտպանության գործակալության հետազոտության պատճառ է դարձել վտանգավոր կրիպտիսպորիդոզ հիվանդության համաճարակը, որի ժամանակ Անգլիայում և Շոտլանդիայում հիվանդացել է շուրջ 300 մարդ:
Հետագայում պարզվել է, որ հիվանդության պատճառ են հանդիսացել հազարի տերևները:
Ըստ Աբերդինի համալսարանի պրոֆեսոր Հյու Պեննինգտոնի, Cryptosporidium բակտերային ոչնչացնելը շատ դժվար է: Միակ տարբերակը տերևները ճառագայթման ենթարկելն է:
Մթերքը, որ գովազդվում է, որպես առողջ սնունդ, իրականում ավելի մեծ վտանգ է պարունակում, քան ֆասթ-ֆուդը: Ըստ մասնագետների, չնայած վերջին շրջանում ձիու մսի հետ կապված սկանդալին, այնուամենայնիվ, մսամթերքը ավելի խիստ վերահսկողության է ենթարկվում:
Իսկ ինչ վերաբերում է բանջարեղենին, ապա դրանք Եվրոպա և ԱՄՆ են ներկրվում բավականին կասկածելի սանիտարական նորմեր ունեցող երկրներից: Դրա համար կանաչեղենը շատ դեպքերում հանդիսանում է այնպիսի բակտերիաների կրիչ, ինչպիսիք են cryptosporidium-ը, salmonella-ն և listeria-ն:
Եթե հաշվի առնենք, որ բանջարեղենն աճում է անմիջապես հողում, ապա միայն ջրով լվանալը բավարար չէ վտանգավոր բակտերիաները ոչնչացնելու համար: Դրա համար անհրաժեշտ է առնվազն կիրառել ջերմային վերամշակում կամ լվանալ հատուկ քիմիական նյութերով:
Ըստ պրոֆեսոր Պեննինգտոնի, եփած վիճակում բանջարեղենները ավելի ապահով են: Նույնիսկ եթե դրանք վաճառվում են, որպես «օգտագործմանը պատրաստ», դրանք անպայման պետք է լվանալ:










