ԱՄՆ կոնգրեսականները Պենտագոնից կրկին պահանջում են ուղղաթիռներ չգնել Ռուսաստանից
Ամերիկացի կոնգրեսականները Պենտագոնին դարձյալ խնդրում են հրաժարվել ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության հետ կնքած պայմանագրից և Աֆղանստանի համար ուղղաթիռներ չգնել Ռուսաստանից. տեղեկացնում է gazeta.ru-ն։
Արդեն երրորդ տարին է նման պահանջով Կոնգրեսի անդամները նամակ են ուղարկում ԱՄՆ վարչակազմին։ Վերջին նամակը Պենտագոն է ուղարկվել երեկ։
2011թ.-ի մայիսին «Ռոսօբորոնէքսպորտի» և ԱՄՆ պաշտպանական գերատեսչության միջև կնքված պայմանագրով ռուսական կողմը 367,5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 21 ռազմական-տրանսպորտային Ми-17В5 ուղղաթիռ էր ուղարկելու Աֆղանստան։
Պայմանագրի ընդհանուր արժեքը, ներառյալ պահեստամասերի մատակարարումն ու ուղղաթիռների սպասարկումը, կազմում է 900 մլն դոլար։
Պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվում է լրացուցիչ 20 մեքենա գնել աֆղանստանցիների համար, ինչը Պենտագոնը մտադիր է իրականացնել մոտ ապագայում։
Նոր նամակի նախաձեռնողը եղել է Ռոսա Դիլաուրոն, սակայն այն ստորագրել են նաև նրա 9 գործընկերներ՝ Կոնգրեսի ստորին պալատից։
Նամակի հեղինակների հիմնական մտահոգությունն այն է, որ Ռուսաստանը սիրիական իշխանություններին զենք է մատակարարում։
«Ռուսաստանը շարունակում է «Ռոսօբորոնէքսպորտի» միջոցով զենք տրամադրել Բաշար ալ-Ասադի ռեժիմին։ Նա շարունակում է ծառայել Ասադին՝ հնարավոր դարձնելով սիրիացիների զանգվածային սպանությունները»,-գրել են կոնգրեսականները նամակում։










