Բյուրականի աստղադիտարանն արդեն ազգային արժեք է և չի կարող վաճառվել. տնօրեն

14:09 • 26.03.13

Բյուրականի աստղադիտարանը դեռևս տարեսկզբին կառավարության որոշմամբ ճանաչվել է ազգային արժեք և ոչ ոք չի կարող վաճառել այն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ աստղադիտարանի կարգավիճակի այդպիսի փոփոխությունը նրա անցյալի և այսօրվա վիճակի գնահատումն է: 
Նա նշեց, որ այս տարի կառավարությունը գումար է հատկացրել աստղադիտարանի մեծ դիտակի վերանորոգման համար, որ 1980-ական թվականներից երբեք չի վերանորոգվել:


«Եթե մինչև անցած տարի աստղադիտարանի բյուջեն կազմում էր 65 մլն դրամ էր, ապա այս տարի 185 մլն դրամ է: Հենց այս գումարով էլ պետք է վերանորոգենք դիտակները: Աստղադիտարանը բազմաթիվ ուղղություններով փորձում է աշխատանքներ կատարել: Դրանց մեջ կա մեկը, որի մասին շատ է խոսվում՝ մարդածին ու բնական վտանգների կանխարգելման ծրագրի իրականացումն է»,-ասաց նա:


Այնուհետև Հայկ Հարությունյանը նշեց, որ վերջերս լուրեր են տարածվել թե Բյուրականի աստղադիտարանը վաճառվելու է: Նա ընդգծեց, որ աստղադիտարանը արդեն համարվում է ազգային արժեք և բնականաբար չի կարող որևէ մեկը ցանկացած գնի դիմաց վաճառել որևէ մեկին:


Աստղադիտարանը վաճառելու մասին տարածված խոսակցությունները Հայկ Հարությունյանը բացատրեց հետևյալ կերպ. «Ռուսական «Ռոսկոսմոսը» մեր աստղադիտարանում կառուցում է նոր դիտակների կայան: Թե ինչ արժեն այդ դիտակները ես չգիտեմ, քանի որ դա մնում է որպես իրենց սեփականություն: Աստղադիտարանը շահում է այն, որ այդ ծրագրի իրականացման շնորհիվ մեզ տրվում երկու նոր ընդունիչ սարքեր, որոնք շատ թանկ արժեն այսօր՝ յուրաքանչյուրը 125 հազ. դոլար»,- ասաց նա:
Թե ինչ պայմանագրի հիման վրա են նոր կայանի աշխատանքներն սկսվել, նա այդպես էլ չհստակեցրեց, սակայն նշեց, որ լինելու է տնտեսական պայմանագիր:


Հայկ Հարությունյանը նշեց, որ նոր կայանում աշխատելու են հայ մասնագետները ու ստանալու են ավելի բարձր աշխատավարձ: Սակայն արված բոլոր հայտնագործությունները և ուսումնասիրության աշխատանքների արդյունքները համարվելու են «Ռոսկոսմոսինը»:

 

Բյուրականի աստղադիտարանն արդեն ազգային արժեք է և չի կարող վաճառվել. տնօրեն