Հյուսիսային Կորեան անջատել է համացանցը զբոսաշրջիկների համար

17:42 • 27.03.13

Հյուսիսային Կորեայի իշխանությունները, որոնք մոտ մեկ ամիս առաջ թույլ էին տվել արտասահմանցիներին օգտվել Skype-ից և նկարներ հրապարակել Instagram-ի միջոցով, կրկին թողել են զբոսաշրջիկներին առանց բջջային համացանցի, հայտնում է vesti.ru-ն։

 

Ինչպես հաղորդում է Koryo Tours տուրօպերատորը, 3G-ն այսուհետ անհասանելի է Հս. Կորեայի հյուրերի համար։ Միջազգային զանգեր կատարելու համար նախատեսված SIM-քարտերը, ինչպես և նախկինում, հնարավոր է գնել, սակայն սմարթֆոնից համացանց մուտք գործել չի ստացվի։

 

Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը, որտեղ համացանցը վերահսկվում է պետության կողմից և անհասանելի է բնակչության լայն շերտերին, մի քանի շաբաթ առաջ զիջումների էր գնացել արտասահմանցիների համար և 3G ցանցերը հասանելի էր դարձրել նրանց համար։ Բջջային կապի ծառայություններ տրամադրել է երկրի միակ օպերատորը՝ Koryolink-ը։

 

Նախկինում դա կտրականապես արգելվել է, իսկ զբոսաշրջիկները ստիպված են եղել էլեկտրոնային սարքերը հանձնել սահմանին։ Իսկ հյուսիսկորեացիների համար բաց են եղել միայն հասարակ ծառայությունները, ինչպես MMS-հաղորդագրությունները կամ Rodong Sinmun պետական թերթին բաժանորդագրվելը։

 

Իշխանությունները, հավանաբար, որոշել են փակել համացանցի հասանելիությունը, քանի որ նրանց դուր չի եկել երկրի ներքին կյանքի նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Բացի այդ, արգելափակման մասին հայտնի է դարձել այն օրը, երբ Հյուսիսային Կորեան հայտնեց ԱՄՆ-ի կողմից սադրանքների մասին և իր հրետանային ու հրթիռային ստորաբաժանումները բերեց մարտական պատրաստվածության բարձր աստիճանի։
 

Հյուսիսային Կորեան անջատել է համացանցը զբոսաշրջիկների համար