Apple-ը կրճատել է էլեկտրոնիկայի շուկայում Samsung-ի հետ ունեցած տարբերությունը
IDC վերլուծական ընկերության ուսումնասիրության համաձայն՝ 2012թ.-ին Apple-ը կրճատել է շուկայի առաջատար Samsung-ի հետ ունեցած տարբերությունը՝ անձնական համակարգիչների, դյուրակիր համակարգիչների, պլանշետների և սմարթֆոնների վաճառքի ծավալներով։
Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, ամերիկյան ընկերությունը շարունակում է առաջատար լինել տարեկան եկամուտի ծավալներով։
Վերլուծաբաններն ուսումնասիրել են անձնական համակարգիչների, դյուրակիր համակարգիչների, պլանշետների և սմարթֆոնների վաճառքը՝ տարբերություն չդնելով սարքերի կատեգորիաների միջև։
Ընկերությունը վերլուծել է առաջատար ընկերությունների վաճառքի ծավալները։ Պարզվել է, որ 2012թ.-ի չորրորդ եռամսյակում Apple-ը կարողացել է զգալի աճ գրանցել՝ կրճատելով կորեացի մրցակցից ունեցած տարբերությունը։
Նրա մասնաբաժինը համաշխարհային շուկայում աճել է՝ հասնելով մինչև 20.3%-ի, իսկ Samsung-ը զբաղեցնում է համաշխարհային շուկայի 21.4%-ը։ Դա մեծ առաջընթաց է՝ հաշվի առնելով այն, որ երրորդ եռամսյակում Apple-ի մասնաբաժինը կազմել է համաշխարհային շուկայի 15.7 տոկոս, իսկ Samsung-ինը գրեթե նույնն է մնացել։
Հիմնականում լավ են վաճառվել iPhone 5-ն ու iPad mini-ն։
Չնայած այն հանգամանքին, որ Apple-ը հետ է մնում Samsung-ից՝ վաճառքի ծավալներով, սակայն նրա եկամուտն էապես բարձր է։










