Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքի ուսումնասիրությունը կսկսվի առաջիկա օրերին
Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման ուսումնասիրության համար ստեղծված ՄԱԿ-ի առաքելությունն ուսումնասիրությունները կսկսի առաջիկա օրերի ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է շվեդ գիտնական Օկե Սելստրեմը։
«Ես կարծում եմ, որ մենք ունենք երեք-չորս օր՝ նախապատրաստվելու համար, այդքան ժամանակ էլ մենք կծախսենք ուղղակի զննման համար, իսկ հետո, երկու-երեք շաբաթվա ընթացքում կզբաղվենք քիմիական փորձաքննությամբ և կպատրաստենք զեկույցը»,- ասել է փորձագետը։
Նրա խոսքով՝ հետաքննության իրականացման ժամկետները պայմանավորված կլինեն նրանով, թե Սիրիայում իրադրությունը որքան անվտանգ կլինի։
Ինչպես նշում են ՄԱԿ-ում, առաքելությունն առաջնահերթ ուշադրություն է դարձնելու Հալեպի մոտակայքում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակմանը, որը, Դամասկոսի պնդմամբ, իրականացրել է զինյալ ընդդիմությունը։
Չնայած մի շարք երկրների, այդ թվում Ռուսաստանի դեմ լինելուն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրահանգել է, որ Հետաքննչական հանձնաժողովն ուսումնասիրի Սիրիայում թունավոր նյութերի կիրառման նաև այլ դեպքերը։ Նման պնդմամբ էին հանդես եկել Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիքեն երեկ հայտարարել էր, որ առաքելությունը նպատակ չունի պարզել, թե ո՞վ է եղել քիմիական հարձակման պատասխանատուն։ «Սա քրեական հետաքննություն չէ։ Առաքելությունը պետք է պարզի՝ կիրառվե՞լ է արդյոք քիմիական զենք, այլ ոչ թե ով է կիրառել»,-ասել է նա։










