Ամերիկացի ուսանողները կույրերի համար խոսող ակնոց են ստեղծել
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Միջազգային համալսարանի ուսանողները սարք են ստեղծել, որը կոչված է օգնելու կույրերին: Ակնոցի լինզաների մեջ տեղադրված ցուցիչները կարդում են տեքստը, իսկ բարձախոսները հնչեցնում են այն:
Նորարար սարքը ստացել է «Eyetalk» անվանումը: Երիտասարդները ներկայացրել են իրենց գյուտը սոցիալական ձեռներեցության վերաբերյալ մրցույթի շրջանակներում: Այս փուլում նորարար սարքը դեռևս ակնոցի չափսերին չի համապատասխանում, սակայն կարևորն այս պահին մտահղացումն է, որը թույլ կտա կույր մարդկանց ազատ հաղորդակցվել շրջապատող միջավայրի հետ:
Այժմ «Eyetalk»-ը իրենից ներկայացնում է եռակի համակարգ, որը կազմված է ակնոցից, կառավարման վահանակից և բարձրախոսից, որն ամրացվում է գոտկատեղին: Սարքավորումը դեռևս կարողանում է ճանաչել միայն անգլերեն տեքստեր, սակայն ապագայում երիտասարդ նորարարները մտադիր են կրճատել ակնոցի չափսերը և նոր լեզուներ ներմուծել համակարգում: Որոշ ներդրողներ արդեն հետաքրքրվել են նորույթով և այն անվանել հեռանկարային սարք, որն իր տեղը կգտնի IT շուկայում:










