WhatsApp-ը օգտատերերի թվով գերազանցել է Twitter-ին
WhatsApp հավելվածը օգտատերերի թվով անցել է Twitter միկրոբլոգների ծառայությանը, հայտնում է Forbes-ը՝ հղում կատարելով All Things Digital-ին, ով այս տեղեկությունները ստացել է WhatsApp-ի ղեկավար Յան Կումից:
Dive Into Mobile կոնֆերանսի ժամանակ Կումը հայտարարել է, որ WhatsApp-ը օրական մշակում է 8 միլիարդ մուտքային և 12 միլիարդ ելքային հաղորդագրություններ: Համեմատության համար նշենք, որ Facebook-ն օրական մշակում է 10 միլիարդ հաղորդագրություն:
Դրա հետ մեկտեղ Կումը չի անվանել ծառայության օգտատերերի հստակ թիվը, սակայն հայտնի է, որ Twitter-ի ակտիվ լսարանը կազմում է 200 միլիոն մարդ:
Կումը նաև հայտարարել է, որ WhatsApp-ը չի պատրաստվում հավելվածում գովազդ տեղադրել: Սակայն Կումը չի բացառել, որ հավելվածից հետագայում մեծ եկամուտ կստացվի: Ըստ նրա, երբ աշխարհը հեղեղվի միլիարդավոր հեռախոսներով, ապա այս ծառայության շնորհիվ հնարավոր կլինի գումարներ վաստակել:
WhatsApp-ը, որը կարճ հաղորդագրությունների փոխանակման ծառայություն է, ստեղծվել էր 2009 թվականին՝ Yahoo-ի նախկին աշխատակիցների կողմից: Հավելվածը հասանելի է Android, iOS, Symbian, Windows Phone, BlackBerry համակարգով աշխատող հեռախոսների օգտատերերին:










