Մեկնարկել է պատանի քիմիկոսների համահայկական 4-րդ մրցաշարը. «Այբ» կրթական հիմնադրամ

11:09 • 18.04.13

Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Պատանի քիմիկոսների համահայկական 4-րդ մրցաշարը»։ Մրցույթին մասնակցելու հրավեր-փաթեթներ են արդեն ուղարկվել Հայաստանի ավելի քան 220 դպրոցների, որոնք ունեն 9-12-րդ դասարանցիներ։ Այս մասին տեղեկանում ենք «Այբ» կրթական հիմնադրամի տարածած հաղորդագրությունից։


Մրցաշարին մասնակցելու համար մինչև ս. թ. հունիսի 1-ը ներառյալ հարկավոր է chemtour@ayb.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել լրացված մասնակցության հայտը։

Արդեն չորրորդ տարին է, ինչ «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում քիմիայի նվիրյալ դպրոցականների համար կազմակերպում է հետաքրքրաշարժ այս մրցույթը:


Այս տարի «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը» կանցկացվի երեք փուլով` քառորդ եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա ս. թ. հունիսի առաջին կեսին, կիսաեզրափակիչ փուլեր և եզրափակիչ փուլ, որոնք տեղի կունենան հոկտեմբերին` աշնանային արձակուրդների ընթացքում:


Հիշեցնենք, որ «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը» ինտերակտիվ խաղի սկզբունքով անցկացվող թիմային մրցույթ է, որտեղ 9-12-րդ դասարանների աշակերտները լուծում են քիմիայի բարդ ու հետաքրքիր առաջադրանքներ, բանավիճում գիտական թեմաների շուրջ, անում իրենց առաջին գիտական հայտնագործությունները:
 

 

Ժյուրիի կազմում ներգրավված են ԵՊՀ, ԵՊՃՀ և ՀՊՄՀ դասախոսներ, երիտասարդ գիտաշխատողներ, ուսուցիչներ, այլ մասնագետներ:
 

Մեկնարկել է պատանի քիմիկոսների համահայկական 4-րդ մրցաշարը. «Այբ» կրթական հիմնադրամ