Գարեջրի համն ակտիվացնում է երջանկության հորմոնը գլխուղեղում
Ինդիանայի ամերիկյան համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ գարեջրի համը նպաստում է ուղեղում երջանկության հորմոնի՝ դոպամինի արտադրմանը: Այս մասին գրում է inopressa.ru-ն՝ վկայակոչելով «Die Welt» գերմանական թերթին: Հենց այդ հորմոնն է որոշիչ դեր խաղում տարբեր մոլուցքների ձևավորման համար:
«Սա առաջին հետազոտությունն է, որի արդյունքում պարզվել է, որ դոպամին հորմոնի ակտիվությունը նկատվում է հենց ալկոհոլային խմիչքի համը զգալու պահին, ոչ թե հարբած ժամանակ», - հայտնում է նյարդաբան Դեվիդ Քարեկենը:
Die Welt-ի հաղորդմամբ, անցկացված հետազոտությանը մասնակցել է 49 տղամարդ։ Փորձի ժամանակ սկանավորվել է նրանց գլխուղեղը գարեջուր խմելուց հետո, ինչպես նաև այն բանից հետո, երբ նրանք օգտագործել են ալկոհոլ չպարունակող էներգետիկ ըմպելիք:
Արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ գարեջրի օգտագործումից հետո ավելի շատ դոպամին է արտադրվում, չնայած այն բանին, որ հետազոտության մասնակիցները լիմոնադի համն ավելի հաճելի են գնահատել:
Նմանօրինակ հետազոտություններ արվել են նաև նախկինում, որոնց արդյունքում պարզվել էր միայն, որ ալկոհոլային խմիչքի օգտագործումից հետո հաճույքի հորմոնը տղամարդկանց մոտ ավելի շատ է արտադրվում, քան կանանց:










