Դավութօղլուն չի բացառել, որ Սիրիայի ռեժիմը կարող է քիմիական զենք կիրառել
Սիրիայի ռեժիմը քիմիական զենք ունի, և լիովին հնարավոր է, որ այն օգտագործվի խաղաղ բնակչության դեմ։ Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։
«Նրանց, ում չի հաջողվել սպանել գնդակներով և տանկերով, սիրիական ռեժիմը մտադիր է ոչնչացնել քիմիական զենքով»,-ասել է Դավութօղլուն։
Նախարարի խոսքով՝ Բաշար ալ-Ասադն էթնիկ զտում է իրականացնում ընդդեմ երկրի սուննի բնակչության, և միջազգային հանրությունը չպետք է լուռ մնա։
«Քիմիական զենքի կիրառումը մարդկության դեմ հանցագործություն է։ Ով և որտեղ էլ օգտագործի այն, հանցագործություն գործած կլինի։ Այս պահին բոլորը գիտեն, թե որ երկրներն ունեն քիմիական զենք։ Նրանցից մեկը, ցավոք, Սիրիայի ռեժիմն է։ Ռեժիմը դիպուկահարների, տանկերի, ռազմական ինքնաթիռների, հրթիռների միջոցով սպանել է ժողովրդին և կարող է նաև քիմիական զենք կիրառել»,-ասել է Դավութօղլուն։










