Այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են. Սերժ Սարգսյանը հանդիպել է նորանշանակ կառավարության անդամների հետ (տեսանյութ)

12:26 • 08.05.13

ՀՀ նորանշանակ կառավարության անդրանիկ նիստն այսօր վարեց նախագահ Սերժ Սարգսյանը: Նորանշանակ ՀՀ կառավարության առաջին նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորելով Կառավարության բոլոր անդամներին նշեց, որ ՀՀ-ն անցավ երեք խոշոր ընտրական գործընթացների միջով: Նա ընդգծեց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրի գրեթե ողջ ներկապնակը ներկայացնող խորհրդարան է ձևավորվել ՀՀ-ում, որն արդեն իսկ իրեն դրսևորվել է որպես ուժեղ ու գործուն քաղաքական մարմին:


«Մի քանի օր առաջ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, մեր քաղաքացիները մեկ անգամ ևս բարձրաձայնեցին, որ պահանջում են ու պատրաստ են սատարել այն պաշտոնյաներին, որոնք օրնիբուն աշխատում են, ամեն օր մի բան են փոխում և պրակտիկ աշխատանքը գերադասում են շուոներից»,- ասաց նա:


Նախագահը նշեց, որ յուրաքանչյուր ընտրություն և, հատկապես, համապետական ընտրությունները փորձություն են մեր երկրի ու մեր երիտասարդ ժողովրդավարության համար:


«Այս Կառավարությունից սպասելիքները շատ մեծ են ու արդյունավետ աշխատելու որևէ խոչընդոտ չեմ տեսնում: Կարծում եմ ստեղծվել են նպաստավոր պայմաններ, քանիցս ասել ենք, որ մեր աշխատանքով հիմքեր ենք նախապատրաստել լավ առաջընթաց ունենալու համար: Այս Կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով, խիստ որոշակի արդյունքներով: Անցած տարի խնդիր էր դրվել ապահովել նվազագույնը 7% տնտեսական աճ, որը Կառավարությունը լուծեց, այս տարի էլ նույնն է դրված, բայց այսուհետ ակնկալելու ենք որակական ցուցանիշներ Կառավարության գործունեության արդյունավետություն և սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ»,- ասաց նա։


Նախագահն ընդգծեց, որ հարցնելու են ոչ թե ինչ է արվել, այլ արվածը ինչ արդյունքներ է տվել, և այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի:


«Մենք շատ ու շատ խնդիրներ ունենք և այդ խնդիրների մասին մենք հնարավորություն ունենք տեսանելի ապագայում խոսելու, խոսելու մի քիչ ընդլայնված կազմով, բոլորիդ հաջողություն եմ մաղթում, խնդրում եմ հստակորեն գիտակցել, որ ձեր հաջողությունից շատ ու շատ բան է կախված, միգուցե առաջին հայացքից, անտեսանելի, բայց, իրոք, շատ բան է կախված: Հույս ունեմ, վստահ եմ, որ ոչ միայն Կառավարության անդամները, այլ նաև բոլոր գերատեսչությունների ղեկավարները մեծ պատասխանատվությամբ կաշխատեն»,- ասաց նա:


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ, շնորհակալություն հատնեց նախագահին շնորհավորանքների համար և հավաստիացրեց, որ կառավարությունը քաջ գիտակցում է, որ նախագահի ու քաղաքացիների սպասումները բարձր են ու իրենք ամեն ինչ կանեն և դրանք արդարացնելու համար:

«Մենք ջանք ու եռանդ չենք խնայի և նվիրումով կաշխատենք»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի և այնուհետև խորհրդի նիստերից հետո հայտարարվեց Կառավարության նոր կազմի մասին: 


Այսօր արդեն նախագահ Սարգսյանը ստորագրեց կառավարության նոր անդամների նշանակման մասին համապատասխան հրամանագրերը։