25 տարի հետո մենք սկում ենք նոր ազատագրական պայքար. Նախախորհրդարանը նվիրյալ առաջամարտիկներ է հավաքագրում
25 տարի հետո մենք սկսում ենք նոր ազատագրական պայքար. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի և Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ով նշեց, որ ինչպես Արցախյան ազատագրական պատերազմում, այստեղ նույնպես իրենք առաջամարտիկներին են փորձում հավաքագրել։
«Երբ կգտնենք այդ նվիրյալներին, այդ ժամանակ արդեն պետք է կազմակերպել և պարտադրել, բայց մինչ այդ ունենք հսկայական աշխատանք, ժամանակ շատ չունենք, սակայն աշխատանք ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և տեղեկացրեց, որ վաղը Գյումրիում Նախախորհրդարանը հանրահավաք է հրավիրում։
«Վաղը Գյումրիում սկսում ենք մեր հանրահավաքների շարքը, հավաքների նպատակն, առաջին հերթին, լինելու է կազմակերպումը և չի նմանվելու մինչ օրս մեր պատկերացրած հանրահավքներին։ Խնդիր է դրված օր առաջ կազմակերպվել, և դնել այն բունը, որից քայլերով պետք է հասնենք նոր որակի պետության»,- ասաց նա և ավելացրեց, որ այսօրվա իշխանությունները պղծեցին հայ մարտիկների վաստակը։
«Հայ մարտիկի վաստակը պղծվեց հայ իշխանության էլիտայի կողմից և սա մինչ օրս շարունակվում է, և ես կոչ կանեի պատերազմի մասնակիցներին, այսինքն՝ առաջվա նվիրյալ հայ մարդկանց, ովքեր անշահախնդիր ներգրավվել էին ազատագրական պայքարին, այսօր նույնպես ներգրավվեն ազատագրական նորօրյա պայքարին, որի նպատակը կլինի նոր որակի պետություն ստեղծելը։ Ըստ էության, մենք մեր գործը կիսատ ենք թողել»,- նշեց նա։
Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ իրենց թիրախը Բաղրամյան 26-ը չի լինելու։ «Մեր թիրախը Բաղրամյան 26-ը չի, որը երկար տարիներ դարձել է խաղալիքը այս կամ այն կայսրության ձեռքում, ոչ էլ այս կամ այն կայսրությունն է լինելու։ Այլ մեր թիրախը նոր քաղաքական խավի ձևավորումն է լինելու, որպեսզի մարդիկ առաջին հերթին ձերբազատվեն ստրկամտությունից։ Առաջին հերթին մենք մեզ ենք ախտահարելու, ձերբազատվելու այն բարդույթից, որ քիչ ենք, փոքր ենք, չենք կարող»,- ասաց նա։
Ժիրայր Սեֆիլյանն իրենց սկսած գործը շատ իրատեսական է համարում և զուգահեռներ տանում Շուշիի ազատագրման հաջողության հետ։ «Արցախյան պատերազմում ինչպիսի նվաճումների, որ հասել ենք, հրաշքի նման մի բան է եղել, երևի չկա նախադեպ, երբ քաղաքական և ռազմական ղեկավարությունը ամորձատված են եղել ազգային իմաստով, բայց հայ ժողովրդին հաջողվել է հաղթանակի հասնել»,- նշեց նա։
Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամը նշեց, որ իրենց պատկերացրած պայքարի առաջնորդող խումբը Նախախորհրդարան նախաձեռնությունն է՝ «Որի մեջ ես քարտուղարության անդամ եմ։ Մեր համոզմամբ՝ անցել են առաջնորդների ժամանակները, եկել են առաջնորդող խմբերի ժամանակները»։
Ժիրայր Սեֆիլյանը պարզաբանեց, թե երբ ինքը ասում է, որ իրենց պայքարի միտինգների տրամաբանությունը տարբեր են լինելու նախորդներից, ինչ նկատի ունի։ «Հանրահավաքները գլխավորապես կրելու են կազմակերպչական բնույթ։ Մինչև հաջորդ հավաք իմանալու է, թե ինչ պետք է անի, հետո ամփոփի, նոր պարտավորություն ստանա և ձնագնդի նման գործը գնալու է առաջ։ Մենք չենք բարձրաձայնելու, ասելու՝ «Սերժի՛կ. հեռացիր» կամ երթ, անիմաստ այդ գործողությամբ չենք զբաղվելու, շատ լավ գիտակցելով, որ ռեժիմը, որ օկուպացրել է երկիրը, չի եկել ընտրության միջոցով»,- ասաց նա և կրկնեց, որ միայն ու միայն ժողովրդի կազմակերպմամբ, այդ թվում նաև Սփյուռքի միավորմամբ է հնարավոր կրկնել հաղթանակը՝ արդեն առանց զենքի։
Լուսանկարը՝ Սարդարապատի Facebook-յան էջի










