Հարբած գերմանացին գողացել է Կարլ Մարքսի 1 մետրանոց արձանը
Գերմանական Տրիր քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 24-ամյա մի երիտասարդի, ով ոչ սթափ վիճակում գողացել է Կարլ Մարքսի 1 մ բարձրությամբ, 500 հատ կարմիր արձաններից մեկը։
Ինչպես նշում է Euromag-ը, արձանները տեղադրվել են գերմանացի փիլիսոփայի, տնտեսագետի, «Կապիտալ»-ի հեղինակի ծննդյան 195-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մարքսի հարազատ Տրիր քաղաքում արձանները կանգնեցված կլինեն մինչև մայիսի 26-ը։
Պլաստմասից պատրաստված արձանները կշռում են 8 կգ, իսկ դրանցից յուրաքանչյուրի գինը կազմում է 300 եվրո։ Ըստ ամենայնի՝ գերմանացուն նման քայլի է դրդել դրա գինը։
Երիտասարդը՝ որպես իր արարքի արդարացում, ասել է, որ կարմիր արձանը հիանալիորեն համապատասխանում է իր տան ինտերիերին։ Այժմ «Մարքսը» վերադարձվել է իր օրինական տեղը։










