Մայքլ Ջեքսոնին հետմահու մեղադրել են մանկապղծության համար
Հայտնի ամերիկացի պարուսույց Ուեյդ Ռոբսոնը հանգուցյալ երգիչ-երգահան Մայքլ Ջեքսոնին մեղադրել է մանկապղծության համար, հայտնում է Huffington Post-ը:
Բրիթնի Սփիրսի, P!nk-ի, *NSYNC-ի և այլոց հետ աշխատած Ռոբսոնը ասել է, որ մանուկ հասակում Ջեքսոնը սեռական ոտնձգություն է ցույց տվել իր հանդեպ: Այժմ նրա փաստաբանները փորձում են հայց ներկայացնել: Ջեքսոնի իրավաբանը իր հերթին հերքել է մեղադրանքը:
Այժմ 30-ամյա Ռոբսոնը Ջեքսոնի հետ հանդիպել է 5, 7 և 14 տարեկաններում համապատասխանաբար Ջեքսոնի Նեվերլենդ կալվածքում, Լոս Անջելեսի և Լաս Վեգասի տներում:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2005-ի մանկապղծության գործով Ջեքսոնի դատավարության ժամանակ նույն անձը հերքել էր, թե Ջեքսոնը իր հանդեպ որևէ բան է թույլ տվել:










