Սիրիացի ապստամբներին հաջողվել է կառավարական ինքնաթիռ կործանել

12:43 • 08.05.13

Սիրիացի զինյալներին հաջողվել է Հալեպի նահանգում կառավարական զորքին պատկանող ռազմական ինքնաթիռ կործանել, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` Լոնդոնում գործող Սիրիայում մարդու իրավունքների կազմակերպությանը հղումով։


«Ընդդիմության մարտիկները խփել են կառավարական կործանիչը, որը գործել է Մինիխ օդանավակայանի մոտ։ Օդաչուի ճակատագիրն անհայտ է»,-ասված է տարածված հայտարարության մեջ։

 

Այդ օդանավակայանի մոտ բախումները շարունակվում են ավելի քան երկու ամիս։

 

Իրավապաշտպանները նաև հաղորդում են, որ ռազմական գործողությունները շարունակվում են նաև Հալեպի միջազգային օդանավակայանի մոտակայքում և Նայրաբ ռազմաօդային բազայի մոտ։

 

Հիշեցնենք, որ Սիրիայի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Հալեպում, չի գործում ինտերնետը։ Հալեպում Tert.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն մի քանի օր է խմելու ջրի խնդիր կա, չի գործում նաև բջջային և քաղաքային հեռախոսակապը, էլեկտրաէներգիա մատակարարվում է մի քանի ժամ միայն։