Իտալացին նվաճել է Էլբրուսը 3.5 ժամում
Իտալացի մարզիկ Մարկո Ֆաչինելին հաղթել է ինքնատիպ էքստրեմալ մարաթոնում, հայտնում է Russia Today-ը։ Նա բոլորից արագ է նվաճել Էլբրուսի 5.6 կմ բարձրությամբ արևմտյան գագաթը՝ սահմանելով նոր ռեկորդ։
Հանձնարարությունը կատարելու համար իտալացուց պահանջվել է 3 ժամ 30 րոպե 3 վայրկյան։ Մրցումներն անցկացվել են դժվարին պայմաններում, մարզիկները ստիպված են եղել պայքարել ուժեղ քամու դեմ։ Օդի ջերմաստիճանը որոշ տեղերում իջել է մինչև -20С°։
Ինքնատիպ մարաթոնն անցկացվել է Red Fox Elbrus Race ձմեռային էքստրեմալ սպորտաձևերի միջազգային փառատոնի շրջանակներում։ Մարզական միջոցառումն արդեն 5-րդ տարին անցկացվում է Կաբարդինա-Բալկարիայում։
Էլբրուսը համարվում է Եվրոպայի ամենաբարձր գագաթը։ Այն կազմված է երկու գագաթից՝ արևմտյան և արևելյան։










