Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցում է մայիսյան եռատոնի միջոցառումներին
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշի քաղաքում մասնակցում է վաղ առավոտից մեկնարկած Հաղթանակի տոնի 68-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Հանրապետության նախագահը, Արցախի իշխանությունների, ՀՀ կառավարական պատվիրակության անդամների և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂՀ ժամանած հյուրերի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Հանրապետության նախագահը, տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է նաև Շուշի՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև Շուշիի կերպարվեստի թանգարանի բացման արարողությանը: Ավելի ուշ հանրապետության նախագահը կմասնակցի «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ գրասենյակի բացմանը:
Երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ նախագահը ներկա կգտնվի եռատոնին նվիրված տոնական համերգին:
Լուսանկարը՝ PanArmenia.net-ի










