Լավ կազմակերպված, բայց վարչական ռեսուրսի չարաշահումով. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ

18:27 • 09.05.13

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը:


Զեկույցի նախաբանում հիշատակվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական Խորհրդարանի ներկայացուցիչներից բաղկացած Միջազգային դիտորդական առաքելության փետրվարի 19-ի համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ «փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններն, ընդհանուր առմամբ, եղել են լավ կազմակերպված, հարգվել են մարդու հիմնարար ազատությունները: Թեկնածուները հնարավորություն են ունեցել իրենց քարոզչությունն իրականացնել: Լրատվամիջոցները կատարել են թեկնածուներին հավասարակշված լուսաբանելու իրենց պարտականությունը, բոլոր թեկնածուներն օգտագործել են իրենց տրամադրված ազատ հեռուստաժամանակը: Միաժամանակ մտահոգություն է հայտնվել վարչական ռեսուրսների չարաշահման, ընտրողների նկատմամբ ճնշումներ կիրառելու առնչությամբ: Քվեարկության օրը «հանգիստ է եղել», «բայց, միաժամանակ, հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից արձանագրվել են ընտրական գործընթացին միջամտելու դեպքեր և մի շարք այլ խախտումներ»:


Փաստաթղթում այնուհետ նշվում է, որ «թեև ՀՀ ընտրական օրենսդրությունն, ընդհանուր առմամբ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորություն է ընձեռում, այդուհանդերձ, ընտրական գործընթացում գրանցվել են բացասական երևույթներ, որոնք հիմնականում պայմանավորված էին օրենսդրության դրույթներն արդյունավետ և անաչառ իրացնելու կամքի բացակայությամբ»:

 

«Հանրային վստահության մակարդակն ընտրական գործընթացի նկատմամբ շարունակում է մնալ ցածր,-ընդգծում են զեկույցի հեղինակները:- Ընտրական հանձնաժողովներն ընտրություններն, ընդհանուր առմամբ, կազմակերպել են արհեստավարժ կերպով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է բաց և թափանցիկ.... Իշխանությունները բազմաթիվ լուրջ միջոցառումներ են ձեռնարկել ընտրացուցակների որակը բարելավելու համար, այդուհանդերձ որոշ թեկնածուներ իրենց մտահոգությունն են հայտնել ընտրացուցակների առնչությամբ. թեկնածուներից ոմանք պնդել են, որ ընտրացուցակներում գրանցված ընտրողների թիվն ուռճացված է և երկրից դուրս գտնվող ընտրողների փոխարեն քվեարկելու հնարավորություն է տալու... այդուհանդերձ, իրենց տեսակետը պաշտպանող որևէ ապացույց նրանք չեն ներկայացրել»:



ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, անդրադառնալով նախընտրական շրջանին, նշում է, որ «ամենաակտիվն ու տեսանելին եղել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը»: «Քարոզարշավի ժամանակ, ընդհանուր առմամբ, հարգվել են թեկնածուների հիմնարար ազատությունները: Մրցակիցները հնարավորություն են ունեցել անխոչընդոտ իրականացնել իրենց քարոզչությունը, այդուհանդերձ՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու հետ կապված օրենքները վարչական ռեսուրսները չարաշահելու հնարավորություն են ընձեռում,-նշվում է զեկույցում:- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդներն արձանագրել են ընտրողներին վախեցնելու և նրանց վրա ճնշում գործադրելու դեպքեր, ինչը անհավասար պայմաններ է ստեղծել մյուս թեկնածուների համար և խոչընդոտել է  իրենց կամքն ազատ արտահայտելու ընտրողների իրավունքը, հակասում 1990 թ. ԵԱՀԿ կոպենհագենյան փաստաթղթի 7.7 կետին»:

 

«Նախընտրական քարոզարշավի ժամանակ դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսները չարաշահելու դեպքեր. մեծ թվով պետական պաշտոնյաներ մասնակցել են նախընտրական քարոզարշավին: Բացի այդ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում տեղակայվել են նախընտրական շտաբներ, ինչը հակասում է 1990 թ. ԵԱՀԿ կոպենհագենյան փաստաթղթի 5.4 կետին, որում ամրագրված է պետության և կուսակցությունների հստակ սահմանազատման սկզբունքները»:


Հանրային հեռուստատեսությունը և ռադիոն, ըստ զեկույցի, կատարել են թեկնածուներին անվճար եթերաժամանակ տրամադրելու իրենց պարտավորությունը, բոլոր թեկնածուներն օգտագործել են իրենց անվճար եթերաժամանակը: Հեռարձակող լրատվամիջոցների մեծ մասի (ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի կողմից մշտադիտարկման ենթարկված) կողմից քարոզարշավի լուսաբանումը կրել է ֆորմալ բնույթ. լուսաբանելիս այդ լրատվամիջոցները կենտրոնացել են հիմնականում նախընտրական քարոզարշավի միջոցառումների վրա, թեկնածուների քարոզարշավում ներկայացվող ուղերձների վերաբերյալ վերլուծական մեկնաբանում չեն կատարել:


Լրատվամիջոցները մեծ ուշադրություն են դարձրել քաղաքական և ընտրություններին առնչվող տեղեկատվությանը. ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի դիտարկած լրատվամիջոցները կանոնավոր կերպով լուսաբանել են բոլոր թեկնածուներին: Առավել շատ լուսաբանվել են Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, ներկայացվել է նրանց քարոզչական գործունեության գերակշիռ մասը:


«Ընտրական օրենսգիրքը խստորեն սահմանափակում է ընտրությունների վերաբերյալ բողոքներ ներկայացնելու իրավունքը, իսկ ընտրական իրավունքի վերաբերյալ դատական որոշումները բողոքարկման ենթակա չեն: Ընտրական հանձնաժողովները և դատարանները սահմանափակ թվով բողոքներ են ընդունել նախընտրական շրջանում, դրանք բոլոր մերժվել կամ կարճվել են: Դիմում- բողոքների առնչությամբ ԿԸՀ-ի ընդունած որոշումները չեն ապահովում արդյունավետ իրավական պաշտպանության  իրավունքը»,- նշվում է զեկույցում:

 

Ընտրատեղամասերի մեծ մասում ընտրական գործընթացը կազմակերպված է եղել լավ: Այդուհանդերձ ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ-ի կողմից դիտարկման ենթարկված ընտրատեղամասերի հինգ տոկոսում բացասական երևույթներ են նկատվել՝ ընտրական գործընթացին միջամտելու դեպքեր հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից, որոշ տեղերում ճնշում է գործադրվել ընտրողների վրա, քվեարկության ընթացքում գրանցվել են մի շարք այլ լուրջ խախտումներ: Դիտարկված ընտրատեղամասերի մեծ մասում ձայների հաշվարկման գործընթացը գնահատվել է դրական՝ չնայած եղել են թերություններ և ընթացակարգային խախտումներ, ինչը ստվերել է ընտրությունների թափանցիկությունը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների մեկ երրորդում դիտորդներին խոչընդոտել են դիտարկել արդյունքների համակարգչային մուտքագրման ընթացքը:


«ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի կողմից նախագահական ընտրությունների վերաբերյալ ԿՀԸ-ի վերջնական արդյունքների վերլուծությունը վեր է հանում սերտ հարաբերակցություն ընտրողների մասնակցության թվի և գործող նախագահի օգտին տրված ձայների միջև. միջինից բարձր մասնակցություն արձանագրած տեղամասերում պրն Սարգսյանը ստացել է ավելի մեծ թվով ձայներ,-ասված է փաստաթղթում:


ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը, անդրադառնալով հետընտրական գործընթացներին, նշում է, որ «Հիմնական հեռարձակող լրատվամիջոցները, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերությունը (Հ1), հետընտրական իրադարձությունները լուսաբանելիս կիրառել են կամընտրական մոտեցում, նկատվել է ակնհայտ միտում՝ սահմանափակելու ընտրությունների անցկացման վերաբերյալ քննադատական տեսակետները: Հաճախ ներկայացրել են ընդհանուր, երբեմն էլ մակերեսային տեղեկություն ցույցերի մասին:


«Փետրվարի 25-ին ԿԸՀ-ն հայտարարեց ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ պրն Սարգսյանը հայտարարվեց ընտրված նախագահ: Թեկնածուներ պրն Հովհաննիսյանը և պրն Ղուկասյանը դիմեցին Սահմանադրական դատարան և պահանջեցին, հիմք ընդունելով մեծածավալ խախտումները, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Մարտի 14-ին ԿԸՀ-ը մերժեց նրանց հայցերը՝ պատճառաբանելով, որ ներկայացված փաստերի մեծ մասն անհիմն են ու ոչ բավարար ընտրությունների ելքի վրա ազդելու համար և վերահաստատեց ԿԸՀ-ի որոշումը, ըստ որի երկրի նախագահի պաշտոնում վերընտրվել է գործող նախագահը»,-նշվում է ներածական հատվածում:

 

Զեկույցի մյուս մանրամասները կներկայացնենք ավելի ուշ