Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել է Հաղթանակի զորահանդեսը (լուսանկարներ)
Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված Հաղթանակի զորահանդեսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Այդ առիթով Մոսկվայի կենտրոնը փակվել է տրանսպորտային միջոցների երթևեկության համար։
Հանդիսատեսի տրիբունաները լի են եղել մարդկանցով, նրանցից շատերը Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են։
Զորահանդեսն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հրամանատարն է եղել Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապես Վլադիմիր Չիրկինը։
ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ բարձրաստիճան անձանց ներկայությամբ Շոյգուն ու Չիրկինն անցել են հրապարակով և ողջունել զինվորականներին՝ շնորհավորելով Հաղթանակի օրվա առթիվ։
Զորահանդեսին մասնակցել է ավելի քան 11.000 զինվորական, ՌԴ ռազմաօդային ուժերի 101 միավոր մարտական տեխնիկա և 68 ինքնաթիռ ու ուղղաթիռ։













