Անհավատների այս բանակում ժողովուրդը հաղթեց, պարտվեցի ես. Րաֆֆի Հովհաննիսյան (տարբերակ 1, լուսանկարներ)

18:12 • 09.05.13

Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հրապարակային հանդիպումը, որի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա հրապարակային հաղորդմամբ:


Նշենք, որ մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններից հետո, որին «Ժառանգությունը» մասնակցում էր «Բարև Երևան» դաշինքով, Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում առաջին անգամ է հանդիպում ժողովրդի հետ:

 

 



19։05

Անհավատների այս բանակում ժողովուրդը հաղթեց, պարտվեցի ես. Րաֆֆի Հովհաննիսյան


Րաֆֆի Հովհաննիսյանը նախ շնորհավորեց հավաքվածներին Մայիսի 9-ի կրկնակի տոնի առթիվ: Նա նշեց, որ 68 տարի առաջ այս օրը մեր պապերը անմնացորդ նվիրումով աշխարհը փրկեցին ֆաշիզմի արհավիրքից ու ընդգծեց, որ եթե չլինեին հարյուր հազարավոր նահատակները, չէր լինի ոչ Հայաստանը, ոչ էլ՝ աշխարհը:


«Իսկ 21 տարի առաջ մեր սերնդի սխրագործությամբ, անմնացորդ, վերկուսակցական, ազգային, համապետական մասնակցությամբ, ֆիդայիներ, ջոկատներ, Կոմանդոս, Ժիրայր, Մոնթե, ավելի կարևոր, քան հրամանատարները, ասացին, որ կարող ենք նաև զոհ ու նահատակ չլինել, միայն չկորցնել, միայն սուգ չանել, ու ազատագրվեց Շուշին՝ անառիկ բերդը Արևելյան Հայաստանի: Շնորհավորում եմ նրանց, ովքեր կան ու չկան: Հատկապես նրանց ովքեր չկան, նրանք՝ մոռացված, աղքատության մեջ ապրող... Աստված չանի, արտագաղթի միտք ունեցող ընտանիքներին»,- ասաց նա:


Րաֆֆի Հովհաննիսյանը նաև երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր տասնամյակներ շարունակ, առավել ևս այս վերջին 3-4 ամիսների ընթացքում ուղեկցել են իրեն Ազատության հրապարակում, որտեղ ըստ նրա՝ կյանք կա:


«Նրանք, ովքեր 21 օր անընդհատ օր ու գիշեր եղել են իմ կողքին, նոր սերունդ, լրագրողներ, ոստիկաններ, այլ կուսակցության այցելուներ, Հայաստանի որդիներ երախտապարտ եմ»,-ասաց նա:


Այնուհետև անդրադառնալով փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններից հետո սկիզբ առած և «Բարևի հեղափոխություն» անունը ստացած շարժմանը, նշեց, որ դա մի հոգու պայքար չէ, ոչ էլ մեկ օրվա:


«Սա ամբողջ պետության, ազգի տևական պայքարն է և թող չհամեմատեն ինձ որևէ մեկի հետ, ո՛չ նախկին, ո՛չ ներկա նախագահների, ո՛չ զինվորների հետ: Ես սովորական շարքային մարդ եմ: Ես առաջարկել եմ, որ հայ ժողովուրդը, որը մի անգամ փետրվարի 18-ին կատարեց իր անհավանական թռիչքը, շարունակի դա: Մենք պարտավոր ենք դուրս գալ այս հուսահատությունից, արտագաղթից, հինգ տարի հետո դա չի լինելու: Փետրվարի 18-ին բոլոր անհավատների, անհույսների, մեծ-մեծ խոսողների դիմաց ժողովուրդը իր գործն արեց ու նա պահանջելու իրավունքը ունի, բայց ոչ մեղադրելու»,- ասաց նա:

 

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ ինքն էլ իրավունք ունի ակնկալել ժողովրդից, որ փետրվարի 18-ի հաղթանակը բավարար չէ և հարկավոր է շարունակել պայքարը հենց հրապարակից և ոչ թե դրան հետևել լրատվամիջոցներով ու սպասել ինչ-որ բանի:


«Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը հաղթեց, միանշանակ: Ի հեճուկս աշխարհի մեծ տերությունների, մեծ-մեծ խոսող վերլուծաբանների, անհավատների այս բանակում ժողովուրդը հաղթեց, պարտվեցի ես: Ինձնից ավելի պարտվել է Սերժ Սարգսյանը: Մայիսի 5-ին որպես այդ պայքարի շարունակություն, պարտվեցինք մնացած բոլորս: Այս հաղթանակի օրը բոլորս, ինձանից սկսած, գտնվում ենք պարտության մեջ, դա վերաբերում է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին: Մի բան պիտի փոխվի»,- ասաց նա:


Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ եթե որևէ մեկին անհրաժեշտ լինի քավության նոխազ, ապա դա հենց ինքը կլինի:


«Առաջակում եմ, որ ինչպես երդում տվեցինք ուղիղ մի ամիս առաջ, նահանջ չանել, չհանձնվել, «զադնի» չտալ, սա պայքարի հերթական փուլն է»,- ասաց նա: