Սերգո Կարապետյանը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել և ներկայացրել նորովի աշխատելու Ս. Սարգսյանի պահանջները
Նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո, այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցկացրել է իր առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցում էին նախարարության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուները: Այս մասին հայտնում է Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:
Օրակարգում վարչապետի և նորանշանակ նախարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիրի առջև դրված նոր խնդիրների ու պահանջների և վերջիններիս շրջանակներում ոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագրի քննարկումն էր:
Շնորհավորելով մասնակիցներին մայիսյան եռատոների առթիվ, նախարարը նախ հանգամանորեն ներկայացրել է Սերժ Սարգսյանի կողմից նոր կառավարությանը ներկայացված նորովի աշխատելու պահանջները, այնուհետև անդրադարձել ոլորտի զարգացման ծրագրին: «Այն աճի իրական հեռանկարներ է նախատեսում ոլորտի բոլոր ճյուղերի համար» ,- նշել է նախարարը, որոշակիորեն կանգ առնելով չօգտագործվող այն հնարավորությունների վրա, որոնց ներառումն արտադրություն մեծապես կխթանի գյուղատնտեսության զարգացմանը:
Խոսելով գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման մասին, նախարարը կարևորել է չօգտագործվող հողերի վերադարձն արտադրություն, անասնագլխաքանակի և արտադրանքի իրական ծավալների մասին ճշգրիտ հաշվառման ապահովումն անասնապահության մեջ, ինչպես նաև կատարողական կարգապահության ամրապնդումը բոլոր օղակներում և մակարդակներում:
«Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը կառավարության քաղաքականության առանցքային փոփոխություններից է: Կառավարությունը նպատակադրում է, բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ՝ յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար, այն գիտակցումով, որ չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն՝ առանց հարմարավետ գյուղի »,- նշել է նախարարը:










