Շուշիով ցույց տվեցինք մեր միասնությունն ու հայ ժողովրդի ռազմական գիտությանը մոտ կանգնած լինելը, որ դարերից է գալիս. Ս. Օհանյան
Շուշին Արցախի մեր գոյապայքարում առանձնահատուկ դերակատարություն ունի: Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցության լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով տոնի կապակցությամբ գտնվում էր «Հաղթանակի» զբոսայգում:
«Շուշիով ցույց տվեցինք հայ ժողովրդի միասնությունը, հայ ժողովրդի ռազմական գիտությանը մոտ կանգնած լինելը, որ դարերից է գալիս: Շուշիի օպերացիան, որն իրականացվեց ազատագրման համար, ցույց տվեց, թե ինչպիսինն է մեր հրամանատարն իր անձնական օրինակով, ինչպիսինն է մեր հայ զինվորն իր անձնուրացությամբ ու նվիրումով: Մենք պատմական առաքելություն ենք իրականացնում՝ ցույց տալով հայ ժողովրդի դերն ու նշանակությունը այս երկրի վրա: Մենք վերականգնեցինք մեր տիրապետությունը մեր հինավուրց քաղաքի վրա և միավորեցինք մայր Հայաստանին»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ այս լեռնաքաղաքի ազատագրմամբ վերականգնվեցին այն պատմական անարդարությունները, որոնք եղել են Խորհրդային Միության շրջանում:
«Ադրբեջանի Հանրապետության կողմնակալ քաղաքականության շնորհիվ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքից և շրջկոմներից դուրս եկող բոլոր մայրուղիները անցնում էին Ադրբեջանական բնակավայրերով: Ինքնորոշման սկզբնական տարիներին չափազանց դժվար էր ղեկավարել կյանքն ու գործունեությունը: Մենք ստիպված էինք արագ կերպով ստեղծված ռազմական հենակետերը և նրանց շուրջը գոյություն ունեցող կրակակետերը ոչնչացնել և ազատ տարածություն ստեղծել Արցախում արարելու և գոյատևելու համար»,- ասաց պաշտպանության նախարարը:
Այն հարցին, թե Ադրբեջանի կողմից կարծես էլ չի հնչում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հարցը, դա «բլե՞ֆ» է, որ նախորդ տարիներին էր պաշտոնական Բաքուն փորձում կյանքի կոչել, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե նրանք սկսած գործընթացից հրաժարվել են: Կարծում եմ, նրանք լուրջ պատրաստվում են ռազմական գործողությունների, իսկ մենք էլ լուրջ պատրաստվում ենք մեր հայրենիքը պաշտպանել»:










