ԲՀԿ-ի հանդեպ հիվանդագին մտասևեռումը լրագրողին անհեթեթ վիճակի մեջ է գցում. Ուրիխանյանի պատասխանը «Հրապարակին»
ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը արձագանքել է «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված այն տեղեկատվությանը, թե իբր Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցել մասնավորապես ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը։ ԲՀԿ մամուլի ծառայության տարածած Տիգրան Ուրիխանյանի մեկնաբանությունում ասված է. «Նշյալ օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Վարդան Օսկանյանը քվեարկել է Գրողների միությունում տեղակայված ընտրատեղամասում՝ ժամը 12-ին, և այդ մասին նախապես տեղեկացվել է լրատվամիջոցներին: Ավելին, քվեարկելուց անմիջապես հետո, Գրողների միության բակում, ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համարը պատասխանել է մոտ երեք տասնյակ լրատվամիջոցի հարցերին: Կարծում եմ, լրագրողական պրոֆեսիոնալիզմն ու միմիայն փաստերին ապավինումը ցանկացած լրատվամիջոցի համար պիտի լինի գերակա: Միևնույն ժամանակ ցավում եմ, որ տվյալ լրատվամիջոցի կոնկրետ աշխատակիցը՝ խորը և հիվանդագին մտասևեռում ունենալով ԲՀԿ-ի հանդեպ, չի կարողանում պահպանել լրագրողական անգամ ամենատարրական էթիկայի կանոնները և ինքն իրեն հետևողականորեն դնում է ամենաանհեթեթ վիճակների մեջ»:










