Մայիսի 9-ը նաև հայ ժողովրդի հաղթանակի օրն է. Տիգրան Սարգսյանը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի մասին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ամեն անգամ Մայիսի 9-ին հիշում է իր հոր խոսքերը՝ «Սա նաև հայ ժողովրդի հաղթանակի օրն է և մեր պատմության կարևորագույն էջերից մեկը»: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման տոների առթիվ «Հաղթանակի» զբոսայգի այցելած վարչապետն այս մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում:
«Հիշում եմ Գերագույն խորհրդում, երբ 1990-ականներին քննարկվում էր այն հարցը, որ Մայիսի 9-ը պետք չէ տոնել, որովհետև դա սովետական տոն է, ոչ թե անկախ Հայաստանի Հանրապետության, այն ժամանակ մեր տանը բավականին սուր խոսակցություն եղավ ու հայրս ասում էր, որ դա հայ ժողովրդի հաղթանակն է նաև, որ դա կլինի սխալ որոշում: Ապագայում այդ որոշումը փոխեցինք և վերականգնեցինք այն որպես ՀՀ-ում պետական տոն»,- ասաց վարչապետը և ավելացրեց, որ հպարտություն է այն, որ հայ զինվորը իր պարտքը կատարել է, քանի որ պայքարելով ֆաշիզմի դեմ, մենք պայքարում է նաև ՀՀ-ի ապագայի համար:
Հարցին, թե վետերաններին այսօր ցուցաբերվող պետական աջակցությունն արդյոք կարելի՞ է լիարժեք համարել, Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ իրենք փորձում են անել առավելագույնը:
«Ինչ էլ որ անենք, մեր վետերաններն արժանի են ավելիին: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ նրանք զգան պետության աջակցությունը, ջերմությունը իրենց նկատմամբ: Չափազանց կարևոր է, որ երիտասարդ սերունդը հարգալից ու սիրով վերաբերվի մեր վետերաններին»,-ասաց նա:
Վարչապետը նաև նշեց, որ ցանկացած ժամանակահատվածում ցանկացած երկիր ունենում է խնդիրներ, դրանցից զուրկ չեն նաև զարգացած երկրները: Նա կարևորեց այն, որ բոլորը լցվեն լավատեսությամբ, հավատան Հայաստանի Հանրապետության ապագային:
«Մենք կարող ենք կերտել այնպիսի ապագա, որ հայ քաղաքացին հպարտ զգա իրեն»,- ասաց Տիգրան Սարգսյանը:










