ՀՀ ԴԱՀԿ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Էստոնիայի նույն ծառայության հետ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ու Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով կողմերի միջև համագործակցության հիմքեր կստեղծվեն, ինչպես նաև կամրագրվեն իրականացվելիք համատեղ աշխատանքները, տեղեկացնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն իր խոսքում նշել է, որ այս հուշագրով կտրվի շահավետ փոխգործակցության մեկնարկը:
«Էստոնիայի հետ հուշագրի կնքումը պայմանավորված է հենց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումով, քանզի այդ բնագավառում էստոնացիները բավականին լուրջ առաջընթաց ունեն: ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կփորձի ներդնել այն ամենը, ինչը ուսանելի ու պիտանի կլինի մեր երկրի համար»,– ասել է նա։
Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի կանցլեր Սուլև Լյաենեն իր հերթին ասել է, որ հուշագրի ստորագրումը նոր հեռանկարներ կբացի ոլորտում փոխշահավետ համագործակցության համար:
«Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են տարբեր մակարդակներում, այդ թվում նաև պետական մակարդակում, որի շրջանակում եղել են տարբեր փոխայցելություններ»,- ասել է Սուլև Լյաենեն և ավելացրել, որ գործընկերությունը կնպաստի նաև երկու ժողովուրդների մերձեցմանը և մշակույթների ճանաչմանը:
Հուշագրի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, որի առաքելությունը կլինի ողջամիտ ժամկետում մշակել և կողմերի հաստատմանը ներկայացնել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Դատական կատարողների և սնանկության կառավարիչների էստոնական պալատի միջև համագործակցության միջոցառումների ծրագիր:
Համագործակցության ծրագրում նախատեսվելիք միջոցառումների ցանկի նախանշման և հստակեցման նպատակով կապահովվեն նաև կողմերի միջև փոխադարձ այցելություններ, աշխատանքային քննարկումներ:
Կողմերը հուշագրի ստորագրումից հետո հուշանվերներ են փոխանակել:










