Թուրքիայի պետական հեռուստաընկերությունն սկսել է ցուցադրել պոլսահայ երգչուհու արևմտահայերեն երգը (տեսանյութ)

13:22 • 16.05.13

Պոլսահայ երգչուհի Էրլին Թոմաօղլուի «Ձյունի փաթիլ» երգի տեսահոլովակն արդեն մի քանի օր է ցուցադրվում է թուրքական TRT Müzik պետական հեռուստաընկերությամբ։

 

Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, այն առաջին արևմտահայերեն տեսահոլովակն է, որը սկսել է ցուցադրվել թուրքական պետական հեռուստաընկերության եթերում։
 

Էրլին Թոմաօղլուի այս արևմտահայերեն երգը տեղ է գտել «Տարիներ անց» անվանումով ալբոմում։

 

Թոմաօղլուն պատմել է, որ ինքը դիմել է TRT հեռուստաընկերությանը՝ տեսահոլովակը ցուցադրելու խնդրանքով, և 10 օր անց դրական պատասխան ստացել։

 

Հայերեն երգը ներկայացվում է թուրքերեն լուսագրերով։ «Դա շատ էի ցանկանում, քանի որ ուզում էի, որ իմ երգը հասկանան ոչ միայն հայերը, այլև թուրքերը։ Թուրքիայում ապրող հայերի համար շատ կարևոր և ուրախալի է իմ տեսահոլովակի հեռարձակումը TRT-ի եթերում։ Շատ ուրախ եմ»,-ասել է նա։

 

TRT-ն երկու տարի առաջ հեռարձակել էր երգչուհի Սիբելի տեսահոլովակը։