ՀՀ կառավարության նոր ծրագրի նախագիծը վաղը կուղարկվի ԱԺ
ՀՀ կառավարության նոր ծրագրում էական ուշադրություն է դարձվում աշխատատեղերին, գործազրկությանը, արտագաղթի խնդիրներին, ինչպես նաև ժողովրդավարության խորացմանն ու իրավունքի գերակայության հաստատմանը։ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանն այսօր գործադիրի հերթական նիստին Կառավարության ծրագիրը ներկայացրեց հաստատման: Վարչապետի որոշմամբ վաղը Կառավարության ծրագրի նախագիծը կուղարկվի ԱԺ:
«Երկուշաբթի օրն ԱԺ-ում, Սահմանադրության պահանջներին համապատասխան, կսկսվի այս հարցի քննարկումը»,- ասաց վարչապետը:
Մինչ այդ, Վաչե Գաբրիելյանը ներկայացնելով ծրագիրը նշեց, որ ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը շրջանառվել է բոլոր գերատեսչություններում և ստացած դիտողությունների մեծ մասը ներառվել է նախագծում։
«Կառավարության ծրագիրը ենթադրում է հինգ հիմնական ուղղություն՝ անվտանգ և ապահով Հայաստան, աշխատանքին համապատասխան արդարացի վարձատրություն ապահովող աշխատատեղերի ստեղծում, ազատ և արդար Հայաստան, մարդկային կապիտալ, ինստիտուցիոնալ զարգացում»,- ասաց նա։
Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ միևնույն ժամանակ անցած ծրագրից պահպանվել են բոլոր այն թիրախային ցուցանիշները, որոնք կային ծրագրում, մասնավորապես՝ տնտեսական առաջանցիկ աճ զարգացած երկրների նկատմամբ, նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնապատկում, ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, աղքատության կրճատման ապահովում 8-10 տոկոսային կետով, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, միջին աշխատանքային կամ ապահովագրական կենսաթոշակի բարձրացում՝ հասնելով աղքատության գծի համեմատ 125 տոկոսի, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ տարեկան 0.3-ից 0.4 տոկոսի չափով։
Նա տեղեկացրեց, որ առաջարկներ են ստացվել ԱԺ պատգամավորներից, որոնք Կառավարությունը կքննարկի մինչև ծրագրի նախագիծը վերջնական տեսքի բերելն ու ԱԺ ներկայացնելը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց տեղյակ պահել բոլոր առաջարկների հեղինակներին, թե ծրագրի որ բաժնում և ինչ ձևով են իրենց առաջարկները ներառվել:










