Հայաստանում սոցիալական բունտ է հասունանում. Արկադի Վարդանյան
Բոլոր նախանշանները կան համոզվելու, որ Հայաստանում անկանխատեսելի պայթյուն ու սոցիալական բունտ է հասունանում: Այս կարծիքը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց հասարակական գործիչ Արկադի Վարդանյանը: «Եվ գազի գնի բարձրացման ֆոնի վրա, ավելի է սրվում այդ հարցը: Եվ իմ անձնական տպավորությամբ՝ մոտ ժամանակներս կարող է սոցիալական բունտ տեղի ունենալ»,- ասաց Արկադի Վարդանյանը և ավելացրեց. «Որովհետև ժողովրդի գերակշռող մեծամասնությունը հիասթափված լինելով բոլոր տեսակի ընդդիմադիր գործիչներից ու միավորումներից, ու մանավանդ Րաֆֆի Հովհաննիսյանի անհաջող քարոզչական արշավից , վերջնականապես հիասթափվեց և հիմա ինքն իր միջից պետք է փորձի միավորումներ կազմել»:
Արկադի Վարդանյանը սա ասում է՝ Աբովյանի նորակառույց եկեղեցու մոտ տրված մատաղի վրա մարդկանց հարձակման տեսանյութերը դիտելով հանդերձ: Ասաց, որ սոված մարդկանց մեծ խմբի այդ կադրերի համար մինչ օրս ամոթի զգացում է ապրում:
Արկադի Վարդանյանը համաձայն է՝ հասարակությունը թուլանում է, ինչը հասկանալի է։ Նրա խոսքով՝ մի կողմից այս տարիներին երկիրը լքել է հասարակության առավել նախաձեռնող զանգվածը և մնացել են քաղաքացիական ներուժ չունեցող, հիմնականում, հուսալքված մարդիկ և մյուս կողմից՝ իշխանության դրվածքից են մարդիկ այդպիսին դարձել:
«Նրանց պահվածքն էլ դա պետք է լինի, եթե մենք արձանագրում ենք, որ ընտրությունից ընտրություն ժողովուրդը թեկուզ 10 հազար դրամի չափով կաշառք է վերցնում»,- ավելացրեց ընդդիմադիր հասարակական գործիչը, ով , սակայն, այլևս որևէ քաղաքական ու քաղաքացիական միավորման հետ հույսեր չի կապում, բացի ժողովրդի կողմից՝ ինքնաբուխ միավորումների:
Արկադի Վարդանյանն արդեն իսկ տեսնում է ժողովրդի ընդվզման սոցիալական նշանները: Նա իբրև օրինակ բերեց վերջին շրջանում փոքր ՀԷԿ-երի կառուցման հետ կապված ժողովրդի ըմբոստության դեպքերը։
Լուսանկարը՝ Aravot.am-ի










