Վենետիկում կհերթապահեն «լավ վարվելաձևի ջոկատայինները»

13:52 • 16.05.13

Իտալական Վենետիկը, որն ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկների է ընդունում, այս ամռանը նոր, հատուկ աշխատողներ կունենա, ովքեր կհետևեն զբոսաշրջիկների վարքի կանոններին։

 

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այսպես կոչված՝ «լավ վարվելաձևի ջոկատայինները» սովորական ոստիկանների հետ կհիշեցնեն զբոսաշրջիկներին, որ չի կարելի կերակրել Սուրբ Մարկոսի հրապարակի աղավնիներին, քաղաքում շրջել լողազգեստով։ Նրանք նաև կկանխեն Մեծ ջրանցքում լողալու կամ պատմական հուշարձանների և եկեղեցիների առջևի մայթերին նստելու նրանց փորձերը։

 

Տեղի իշխանությունները բացատրել են, որ այս ամսվանից, երբ սկսվում է ակտիվ զբոսաշրջային սեզոնը, տեղի է ունենալու «Վենետիկը նաև քեզ է պատկանում, հարգի՛ր նրան» անվանումն ստացած արշավը։
 

Հենց այդ նպատակով էլ նոր 10 օրենք է ընդունվել, որոնք թարգմանվել են 6 լեզուներով։