Եթե գազի գինն անգամ 5%-ով բարձրանա, քաղցած մարդկանց թիվը կավելանա. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով այսօր կառավարության շենքի դիմաց միացել էր գազի գնի սպասվելիք թանկացման համար բողոքող քաղաքացիներին, կարծում է, որ եթե գազի գինն անգամ 5%-ով բարձրանա, մեր երկրում քաղցած մարդկանց թիվը կավելանա: «Դա ուղղակի անթույլատրելի է, մենք ունենալու ենք էլի գիշերը քնելուց առաջ քաղցած երեխաներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ «Եթե մի դեպքում տեսնում ես ինչ շքեղություն, շռայլություն և միլիոնների թալան է տեղի ունենում մի քանի ընտանիքների համար, ապա չի կարելի թույլ տալ գազի թանկացում է՛լ ավելի շատ թալան թույլ չտալու համար»:
Զարուհի Փոստանջյանի հետ մեր խոսակցությանը միացավ նաև մի կին և ասաց, որ ոչ թե պետք է թույլ չտալ, որ գազը թանկանա, այլ պետք է իջեցնել սակագինը, քանի որ ինքն այս ձմեռ չի կարողացել գազ վառել:
«Ես փայտ եմ վառել, ես նաև պահանջում եմ, որ ջուրն ու էլեկտրաէներգիան անվճար տրվի բնակիչներին, քանի որ այն իրավունք ունի անվճար ջուր խմելու, իրենց լաբորատորիաներում չեն H2Օ-ն միացրել իրար, դա Աստծո տված ջուրն է, և մենք իրավունք ունենք այդ ջուրն անվճար խմել»,- ասաց նա:










