Չինացին Google Maps-ի միջոցով կարողացել է գտնել իր ընտանիքը՝ առևանգումից 23 տարի անց

20:59 • 17.05.13

Չինաստանի Սիչուան նահանգում Լուո Գանգին 23 տարի առաջ առևանգել են մանկապարտեզ գնալու ճանապարհին: Այն ժամանակ նա ընդամենը հինգ տարեկան է եղել: Մեծանալով իր հայրենի նահանգից ընդամենը մի քանի հարյուր կմ հեռու գտնվող քաղաքում՝ 23 տարի անց չինացին կարողացել է միանալ իր ընտանիքին: Այս պատմությունը ներկայացնում է Business Insider-ը՝ հիմնվելով չինական մամուլում հրապարակված տեղեկությունների վրա:


Լուոն կարողացել է գտնել իր հին տունն ու իր ընտանիքը Google Maps-ի օգնությամբ:

 


Ինչպես ներկայացնում է nhaidu.com տեղեկատվական կայքը, Լուոի ծնողները նրա առևանգումից հետո փորձել են գտնել նրան, սակայն ժամանակի հետ դադարեցրել են որոնումները: 


Լուոին այլ ընտանիք է որդեգրել և սիրով է մեծացրել նրան, սակայն նա դեռ փոքր տարիքից միշտ ձգտել է հիշել իր հայրենի տան մասին ամեն մի մանրուք և գտնել իր ծնողներին:


Գծելով այն վայրերի քարտեզը, որոնք նա կարողացել է հիշել՝ կապված իր տան հետ, նա այդ քարտեզը գցել է Baby Come Home կայքում, որը օգնում է իրենց երեխաներին կորցրած ծնողներին գտնել նրանց (հաստատվել է, որ Չինաստանում տարեկան 76,000 ընտանիքներ երեխա են կորցնում):


Կայքից նրան տեղեկություն են ուղարկել Սիչուան նահանգի այն վայրի մասին, որը մոտ էր նրա նկարագրածին և որտեղ 23 տարի առաջ ընտանիքը երեխա էր կորցրել: Չինացին անմիջապես հիշել է իր ծննդավայրը՝ ըստ իրեն ուղարկված տեղեկության, ինչից հետո տեղի է ունեցել նրա և իր ընտանիքի անդամների հանդիպումն ու միավորումը: 

 



Աղբյուրը նշում է, որ զարմանալի չէ, որ այս դեպքը միակը չէ, երբ կորած երեխան Google Maps-ի միջոցով գտնում է իր տունը: