Վանաձորում հայտնաբերել են ներարկվող թմրամիջոց օգտագործող 2 տղամարդու

11:43 • 17.05.13

Անհայտ քաղաքացուց ոստիկանության Վանաձորի բաժնում մայիսի 16-ին՝ ժամը 14.00-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձորի 3-րդ մաս թաղամասի գերեզմանատանը ոմն Հակոբիկ թմրամիջոց է պատրաստում, տեղեկացնում է Ոստիկանության կայքը:


Ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները գերեզմանատան տարածքում հայտնաբերել են 1970 թ. ծնված Աշոտ Ս.-ին և 1976 թ. ծնված Հակոբ Չ.-ին, իսկ տեղանքի զննությամբ հայտնաբերվել է պլաստմասե շիշ` գորշ գույնի նստվածք, «Պենտալգին» տեսակի դեղահաբի դատարկ տուփ, սոդայի փոշեզանգված, չօգտագործված ներարկիչ և յոդի ապակյա տարաներ:


Հակոբ Չ.-ն հայտարարել է, որ պատրաստել է թմրամիջոց և մինչ ոստիկանների ժամանելն այն ներարկման միջոցով օգտագործել է:


Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Աշոտ Ս.-ն և Հակոբ Չ.-ն բերման են ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն: