Գարնան արևը, եթե չտաքացրեց, աշնան արևն ինձ պետք չի. կարկուտից տուժածները սերմացուների տեսքով օգնությունից դժգոհ են
Գյուղացին կանգնել է ահավոր աղետի առաջ, Արմավիրի 43 համայնք կարկուտից տուժել է, սակայն ոչ մի հուսադրող առաջարկ Կառավարությունից չկա. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմավիր համայնքի բնակիչ Ասատուր Հայրապետյանը, ով նշեց, որ եթե օգնության իրական առաջարկ չլինի, գյուղացիները լքելու են Հայաստանը։
Նշենք, որ մայիսի 12-ին կարկուտից տուժած գյուղացիներին Կառավարությունն աջակցել է եգիպտացորենի, արևածաղկի սերմերով, այն էլ՝ ոչ անվճար, ինչից գյուղացիները դժգոհ են։
«Գարնան արևը, եթե ինձ չտաքացրեց, աշնան արևն ինձ պետք չի։ Արմավիրում հիմնականում այն մշակաբույսերն են ցանում, որոնց աշխատանքը վաղ գարունից է սկսում, իսկ հունիսին սերմեր են տալիս, ես ի՞նչ անեմ։ «Կուկուռուզի» սերմը ես ցանեմ ի՞նչ անեմ, դեռ ավելին՝ ես գիտեմ, որ այս շրջանում սերմերի 80%-ը ծլողականությունը կորցնում է, չնայած եթե չկորցնեն էլ ինձ դրանք պետք չեն»,- ասաց նա։
Արմավիր գյուղի բնակիչ Եղիազար Ասմարյանը խնդրեց գնալ համայնք և տեսնել իրենց վիճակը։ «Կարկուտի պատճառով ոչնչացվեց գյուղի ամբողջ բերք ու բարիքը, ոչ մի բան չկա. խաղող, կեռաս, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Չգիտենք ինչո՞վ պետք է ապրենք, հազիվ ընկել էինք գարուն, որ բերքը վաճառեինք, որ կարողանայինք ապրել, վարկերը տալ»,- ասաց նա։
Եղիազար Ասմարյանը նշեց, որ գյուղում մարդկանց 80%-ը իրենց այգիները մշակում են վերցված վարկի միջոցով։ «Եկել են մարզպետով, նախարարով աջակցեն, բայց տեսանք ոնց են աջակցում, ուզում են սերմ տան, դիզվառելիք, բայց ես վերցնեմ ի՞նչ անեմ, ես լոլիկ ու «բադրջան» եմ դրել, հունվարից ջերմոցում սածիլներն աշխատացրել եմ, հետո տարել բաց տարածություն, բայց ծաղկած բերքը հողին է հավասարվել։ Սերմը տա ես ի՞նչ անեմ, որտե՞ղ դնեմ»,- կրկնեց իր համագյուղացու բառերը։
Արմավիրցին նշեց Կառավարությունից իրենց ակնկալածը. «Ուզում ենք աջակցություն տան, վարկերը սառեցնեն, որ կարողանանք հաջորդ տարի տնկենք։ Ես 2,5 հա այգի ունեմ, որի համար 2 մլն դրամ եմ ծախսել, որը կորել է։ Ես հիմա ո՞ւմից գումար վերցնեմ, որ «չսկեմ» դրա մեջ»,- ասաց նա։
Բանախոսները խոսեցին նաև վերցրած վարկի ու գյուղատնտեսության փոխնախարարի պատասխանի մասին. «Գյուղնախարարի տեղակալն ասաց, սեփական բանկեր են ոչինչ չեն կարող անել։ Դե չեք կարող, դուք գիտեք, ի՞նչ պետք է անեն, տանեն բանտերը լցնե՞ն, թող տանեն»։










