Ամերիկացի օրենսդիրները Հայոց ցեղասպանությանն առնչվող նոր բանաձև են ներկայացրել Կոնգրես

10:47 • 17.05.13

Ամերիկացի մի խումբ օրենսդիրներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագիծ են ներկայացրել ԱՄՆ Կոնգրես (ԱՄՆ օրենսդիր մարմինն է): Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, «Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության և արդարության ակտ» կոչվող  օրինագծում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արվում քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Ընդ որում, բանաձևում նշվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում պետք է լինի «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի և հետևանքների լիարժեք ճանաչման» հարցը:

 

Փաստաթղթի հեղինակներն են ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի անդամներ Մայքլ Գրիմը, Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնեն և Դեյվիդ Վալադաոն. կոնգրեսականներն օրինագծում ամրագրել են ԱՄՆ իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստերը՝ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության՝ 1951թ. միջազգային դատարան ներկայացված պաշտոնական զեկույցը, որում  Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարվածը որպես ցեղասպանության օրինակ է ներկայացվել, 1981թ-ի ապրիլի 22-ին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի (1911-2004թթ.) նախագահական Հռչակագիրը, որում 20-րդ դարի սկզբում հայերի նկատմամբ կատարվածը որպես ցեղասպանություն է ներկայացվել («Հոլոքոստի դասերը (հրեաների ցեղասպանությունն է, որն իրականացվել է երկրորդ աշխարհամարտի տարիներին` 1939-1945թթ., Նացիստական Գերմանիայի կողմից) չպետք է մոռացվեն, ինչպես որ չպետք է մոռացվեն Հոլոքոստին նախորդած Հայերի ցեղասպանությունը…»,-նշված է Հռչակագրում-Tert.am), ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 1975 և 1984 թթ-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը (Սենատի կողմից չի ընդունվել-Tert.am), և գործող իշխանություններին կոչ արել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

 

 Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել, որում ողջունել է օրենսդիրների նախաձեռնությունը: «Մենք ողջունում ենք Հայոց ցեղասպանության մասին  ճշմարտության և արդարության ակտը, որը, հենվելով ԱՄՆ իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու արձանագրությունների վրա,  գործող իշխանություններին կոչ է անում նոր մոտեցում ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. մոտեցում, որն արտացոլում է մեր ամերիկյան արժեքները և փաստում է, որ մեր ազգային շահերը պահանջում են վերջ դնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությանը և հասնել մարդկության դեմ ուղղված այդ հանցագործության միջազգային ճանաչմանը»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 


«Գրեթե մեկ դար առաջ Օսմանյան կայսրության ուժերն անողոքաբար սպանեցին ավելի քան մեկ միլիոն հայ տղամարդկանց, կանանց և անմեղ երեխաների՝ ցանկանալով բնաջնջել հայերին երկրի երեսից»,-հայտարարել է կոնգրեսական Գրիմը և հավելել,-ԱՄՆ-ը եղել է աշխարհում արդարության և մարդու իրավունքների պաշտպանության անխոնջ ջատագովը և մեր սուրբ պարտականություն է մեկընդմիշտ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

 


Կոնգրեսական Շիֆն իր հերթին նշել է, որ «Հայոց ցեղասպանությունն անհապաղ ճանաչումը ԱՄՆ-ի բարոյական պարտքն է»:

 

«Վաղուց արդեն ժամանակն է, որ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-նշել է Ֆրենկ Փալոնեն:-Այսօր ներկայացված բանաձևը ցույց է տալիս, որ մենք ձեռնունայն չենք նստելու, քանի դեռ Թուրքիայի կառավարությունը խեղաթյուրում է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը»:

 

Նշենք, որ  Բարաք Օբաման սենատոր եղած ժամանակ (2005-2008թթ) Օսմանյան կայսրության և Քեմալական Թուրքիայի կողմից 1915-1923թթ. հայերի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը մի քանի անգամ որակել էր որպես «ցեղասպանություն» և այդ ժամանակվա նախագահ Ջորջ Բուշին կոչ արել պաշտոնապես ճանաչել այն: 2008թ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ խոստացել էր, թե նախագահ դառնալու դեպքում պաշտոնապես ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո (2009թ.), սակայն, Օբաման մոռացավ իր խոստումը. յուրաքանչյուր տարի նա ապրիլի 24-ի կապակցությամբ հանդես է գալիս հիշատակի ուղերձով, որում, սակայն, «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն օգտագործում է «Մեծ եղեռն» բառը:

 

Հավելենք, որ օրինագծի ներկայացման օրը պատահական ընտրված չէ. մայիսի 14-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը քառօրյա պաշտոնական այցով ժամանել է  Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

 


 

Լուսանկարում՝ Ադամ Շիֆ և Մայքլ Գրիմ