Համաշխարհային խնդիրների լուծումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի դերակատարությամբ. Լավրով

12:25 • 17.05.13

Խնդիրներն աշխարհում չեն նվազում, սակայն դրանք պետք է կարգավորվեն ՄԱԿ-ի կենտրոնական դերակատարմամբ։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպումից հետո։

 

Սոչիում կայացած հանդիպմանը ռուս նախարարն ընդգծել է, որ խնդրի կարգավորման միակ ճանապարհը ՄԱԿ-ի կենտրոնական դերի ապահովումն է և հարգանքը կազմակերպության կանոնադրությանը։


«Մենք գնահատում ենք մեր պարբերական շփումները։ Հույս ունենք, որ Ձեր այցը հնարավորություն կտա մանրամասն քննարկել այն հարցերը, որոնք ՄԱԿ-ի, հետևաբար նաև միջազգային հանրության համար արդիական են համարվում»,-ասել է Լավրովը։

 

Բան Կի Մունը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարին Սոչիում իրեն ընդունելու համար։ «Ես երախտապարտ եմ Ռուսաստանին այն աջակցության համար, որը դուք ցուցաբերում եք ՄԱԿ-ի քարտուղարությանը»,-ասել է նա։