Քննարկվել են ՀՀ և ՌԴ կադաստրային մարմինների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

12:50 • 17.05.13

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության կադաստրի դաշնային ծառայության ղեկավար Նատալյա Անտիպինային: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների կադաստրային մարմինների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը, ինչը կնպաստի փորձի փոխանակմանն ու այս բնագավառում բարեփոխումների իրականացմանը:


Նատալյա Անտիպինան տեղեկացրել է, որ Հայաստանի կադաստրի պետական կոմիտեի հետ ստորագրվել է փոխգործակցության հռչակագիր: Նա հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը:


Ռուսաստանի Դաշնության կադաստրի դաշնային ծառայության ղեկավարը նշել է, որ տպավորված է այս բնագավառում Հայաստանի ձեռքբերումներով, ինչի արդյունքում մեր երկիրը մեծ առաջընթաց է գրանցել նաև Doing Business զեկույցում՝ վարկանիշային աղյուսակում գերազանցելով նաև Ռուսաստանին:


Տեղեկացվել է, որ առաջիկայում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների կադաստրային մարմինների համատեղ կոնֆերանս, որում կդիտարկվեն առկա խնդիրներն ու դրանց լուծման եղանակները:


Զրուցակիցներն անդրադարձել են նաև կադրերի վերապատրաստման, արխիվային նյութերի թվայնացման, քարտեզագրության ու այլ ուղղություններով երկու երկրներում իրականացվող աշխատանքներին: