Եթե իշխանությունը գազի գնի բարձրացման մասին մինչև ընտրությունները խոսեր, 10 000 դրամով ձայն չէր գնի. Արմեն Մարտիրոսյան

13:29 • 17.05.13

Գազի գինը մեկ տարուց ավելի է, ինչ թանկացել է։ Վերջին թանկացումը երկրորդ փուլն էր, սակայն դրա մասին իշխանությունը հայտարարեց միայն ընտրություններից հետո: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր կարծիքը հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:


«Եթե իշխանությունը դրա մասին հայտարարություն աներ մինչև ընտրությունները, 10 000 դրամներով ձայն գնել չէր կարողանալու, ընտրակաշառք վերցնողն էլ ընդդիմության կողմն էր գնալու»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդը» դիմել էր Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով՝ առաջարկելով գազի 1000 խորանարդ մետրի համար գործող սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի, այսինքն՝ առաջարկն ընդունվելու դեպքում գազը կթանկանա 67.4 տոկոսով: Սակայն երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Կառավարությունը պատրաստ է 30 տոկոսով սուբսիդավորել գազի սակագինը:


Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ գազի գնի բարձրացումը Հայաստանի աղքատ բնակչությանը ծայրահեղ վիճակի կհասցնի և 600 հազար աղքատ ընտանիքների թիվը կավելանա:


«Գազի գնի այս բարձրացումը ամենախորը լարված սոցիալ-տնտեսական վիճակն է ստեղծելու Հայաստանում: Իշխանություններին չի մնալու այլ բան, քան ավելի խթանել արտագաղթը, ինչն անում էր մինչ օրս»,- ասաց նա: