Բակո Սահակյանը մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձին (լուսանկարներ)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։
Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում և պետական պարգևներ ու արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ անձանց:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը Բերձորի ազատագրումը բնութագրել է որպես կարևոր ռազմական, քաղաքական և հոգեբանական հաղթանակ, որը ճեղքեց մոտ 70 տարի տևած Արցախի շրջափակումը՝ հավելելով, որ առանց դրա անհնարին կլիներ պաշտպանել մեր հայրենիքի անկախությունն ու ազատությունը և կայուն հիմքեր ստեղծել նրա հուսալի զարգացման ու զորացման համար:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Քաշաթաղի շրջանի զարգացումը այսուհետ կլինի իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում և մոտակա տարիներին այստեղ կիրականացվեն մի շարք խոշոր ծրագրեր:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ղեկավարությունը, հյուրեր Հայաստանից և Սփյուռքից:










