Եկատերինբուրգի առևտրի կենտրոններից մեկում կրակել են՝ բանկոմատի մոտ հերթի պատճառով

22:17 • 18.05.13

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում մայիսի 18-ին կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Միջադեպի համար պատճառ է դարձել բանկոմատի մոտ հերթի շուրջ երիտասարդի և երկու եղբայրների միջև ծագած վեճը, հայտնում է Lenta.ru-ն՝ Интерфакс-ին հղումով:


Վեճի ժամանակ երիտասարդը փոքրիկ գազաբալոնից գազ է արձակել եղբայրներից մեկի դեմքին և փորձել է փախչել՝ բարձրանալով երկրորդ հարկ, որտեղ նրա հետևից հասել է մյուս եղբայրը: Երիտասարդը դուրս է հանել է իր ատրճանակն ու անկանոն կրակ բացել, ինչի հետևանքով երկրորդ եղբայրը վիրավորվել է այտի և ազդրի հատվածում:


Կրակող երիտասարդը թաքնվել է, սակայն ավելի ուշ վերադարձել է տուժածին բուժօգնություն ցույց տալու համար, և այդ ժամանակ էլ ոստիկանությունը նրան ձերբակալել է: Վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց:


Զենքը առգրավել են: Պարզվել է, որ այն պաշտոնապես գրանցված է եղել: Իրավապահ մարմինները որոշում են քրեական գործ բացելու հարցը՝ «առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու» կամ «խուլիգանություն» հոդվածով: