Իսրայելական հատուկջոկատայինները ներխուժել են Սիրիայի տարածք

00:15 • 18.05.13

Իսրայելցիներն անհանգստացած են ծայրահեղական խմբավորումների, մասնավորապես Ալ Կաիդայի հետ կապված զինյալների հարցով, որոնք կարող են օգտվել Սիրիայի խառնաշփոթից և ներթափանցել հարևան հրեական պետություն: Իսրայելի իշխանությունները մտադիր են ցանկացած եղանակով խուսափել իրադարձությունների նման զարգացումներից, գրում է RT գործակալությունը:


Տեսախցիկներն առաջին անգամ նկարահանել են իսրայելական զինվորականների խումբը, որը վերադառնում էր Սիրիայից, որտեղ այն գտնվում էր հատուկ առաջադրանքով, հայտնում է ИноТВ: Նրանց՝ երկիր ներխուժելու պատճառ են հանդիսացել այն տեղեկությունները, որ ապստամբները կազմավորում են ռադիկալ տրամադրվածությամբ խմբավորումներ:Ավելի վաղ համացանցում հայտնվել էին տեսանյութեր, որոնցում Ալ Կաիդայի զինյալները սպանում են ռազմագերիներին, իսկ հետո գոհունակություն հայտնում Ալլահին:

 

40 տարիների ընթացքում առաջին անգամ հրեական պետությունը նախապատրաստում է իր հրետանին՝ անհրաժեշտության դեպքում պատասխան հարվածի համար: Երկու շաբաթվա ընթացքում Իսրայելի կողմից նաև հրթիռային ռմբակոծության են ենթարկվել Դամասկոսի ռազմական օբյեկտները և հնչել են սպառնալիքներ, որ ավիահարվածները կշարունակեն, եթե «Հեզբոլահ» շարժումը չդադարի իրանական զենք ստանալ Սիրիայի հարևաններից: Բացի այդ, իսրայելական բանակն ամրացնում է իր զինանոցը ծանր տեխնիկայով՝ մասնավորապես տանկերով: