Անկախ դժվարություններից, տարվա համար նախատեսված ծրագրերը կկատարվեն. գյուղնախարար

16:26 • 18.05.13

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության է հրավիրել Գյուղատնտեսության աջակցության հանրապետական և մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) ղեկավարներին: Օրակարգում եղել են անբարենպաստ եղանակային պայմանների և կարկտահարության հետևանքով ոլորտում ստեղծված լարված իրավիճակի, աղետից տուժած տնտեսություններին հնարավորինս օժանդակելու և տարվա համար նախատեսված տնտեսական ցուցանիշների ապահովման լրացուցիչ հնարավորություններ փնտրելու հարցերը։


Ինչպես տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից՝ Սերգո Երիցյանը ներկայացրել է Կառավարության կողմից նախարարությանը տրված հանձնարարականները և վերջիններիս շրջանակներում մարզային կառույցներից ակնկալվող նորովի աշխատանքը։


«Առանձին համայնքներում արձանագրված բերքի կորուստն ու ստեղծված դժվարին պայմանները չպետք է անդրադառնան տարվա ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա: Առաջնահերթ խնդիր է հետևողական աշխատանքի և առկա ներուժի նպատակային օգտագործմամբ հասնել նախատեսված ցուցանիշների ապահովմանը: Մանավանդ , որ դրա համար անհրաժեշտ նախադրյալներ մենք արդեն ստեղծել ենք»,- ասել է նա, վերջիններիս շարքում, մասնավորապես, կարևորելով ընթացիկ տարում 21.5 հազար հա-ով ցանքատարածությունները և 13%-ով անասնագլխաքանակն ավելացնելու փաստերը:


Նա մասնակիցների ուշադրությունը հրավիրել է նաև տեղում իրավիճակին ամբողջովին տիրապետելու, անհրաժեշտ և հավաստի տեղեկատվությամբ նախարարությանն ապահովելու, նոր, լրացուցիչ ծառայություններով արտաբյուջետային միջոցներն ավելացնելու և նման օրախնդիր այլ հարցերի վրա:


«Դուք, որպես պետության ներկայացուցիչ, պետք է ոչ միայն շարունակաբար լինեք գյուղացու կողքին, այլև ձեր մասնագիտական խորհրդատվությամբ օգնեք նրան ժամանակին և հնարավորինս արդյունավետորեն լուծել իր առջև ծառացած խնդիրները: Հիշե՛ք, որ օրվա պահանջը, ոչ թե կատարված աշխատանքն է, այլ` վերջինիս արդյունքը»,- ընդգծել է նախարարը:


Քննարկման ընթացքում ԳԱՄԿ-երի տնօրենները հավաստիացրել են, որ հաշվի առնելով տարվա դժվարություններն ու յուրահատկությունը, կարվի ամեն ինչ՝ տարվա համար նախատեսված ծրագրերն ամբողջությամբ իրականացնելու համար:


Խորհրդակցության ավարտին նշվել է նաև, որ մասնակիցների աշխատանքի գնահատականը պետք է տրվի տարեվերջին, ըստ նրանց ցուցաբերած աշխատանքի արդյունավետության: